Սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժին և հայտնել, որ ծեծի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գառնիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, համայնքային ոստիկանները պարզել են, որ նրանք են Կոտայքի մարզի Գեղադիր բնակավայրի բնակիչներ 27-ամյա Աշոտ Ա.-ն և 24-ամյա Երջանիկ Ա.-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գառնու համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Գեղադիր բնակավայրում ավտոմեքենայի վերանորոգման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխվածների և նրանց համագյուղացիներ 20-ամյա Տիգրան Գ.-ի, 27-ամյա Մհեր Գ.-ի, 36-ամյա Մայիս Մ.-ի և 48-ամյա Ֆարամազ Գ.-ի միջև, որի ժամանակ վերջինները ձեռքերով, ոտքերով, ապա շինարարության մեջ օգտագործվող տարբեր գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել Աշոտ և Երջանիկ Ա.-երին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Գեղադիր բնակավայրի 4-րդ փողոցում։Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։