Սեպտեմբերի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գործող տարադրամի կետում մի տարեց տղամարդ փորձել է փոխանակել 9 հատ 100 ԱՄՆ դոլար, որոնք կեղծ են։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մեկնել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Արդեն տեղում՝ Անդրանիկի 40/5 հասցեում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակից, Երևանի բնակիչ 25-ամյա Աշոտ Պ․-ն հայտնել է, որ փոխանակման նպատակով ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, որոնցից 9 հատ 100 ԱՄՆ դոլար թղթադրամները ստուգման արդյունքում պարզվել է, որ կեղծ են։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կեղծ թղթադրամներ ձեռք բերելու, պահելու կամ իրացնելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Սեյրան Ս․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին՝ իր վարած «Nissan» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով հանդերձ, որտեղ ձերբակալվել է, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։