ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքի քաղաքականությունը չպետք է ենթարկվի Իսրայելի դիրքորոշմանը. Վենս


Աշխարհ


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականությունը չպետք է թելադրվի Իսրայելի դիրքորոշումներով՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները պետք է առաջնորդվի սեփական ազգային շահերով, այդ թվում՝ այն դեպքերում, երբ դրանք չեն համընկնում դաշնակիցների առաջնահերթությունների հետ։

Նրա խոսքով՝ Իսրայելը Միացյալ Նահանգների համար շարունակում է մնալ կարևոր գործընկեր՝ հատկապես ռազմական տեխնոլոգիաների և հետախուզական տվյալների փոխանակման ոլորտներում։ Միաժամանակ նա նշել է, որ այդ համագործակցությունը չի նշանակում, թե Վաշինգտոնը բոլոր հարցերում պետք է համաձայնի Իսրայելի դիրքորոշումներին։

«Ակնհայտ է, որ Իսրայելը կարևոր գործընկեր է եղել ռազմական տեխնոլոգիաների և հետախուզական տվյալների փոխանակման հարցերում, սակայն երբեմն Միացյալ Նահանգները համաձայն չէ Իսրայելի հետ»,- ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը այդ մոտեցումը տարածել է նաև Վաշինգտոնի մյուս դաշնակցային հարաբերությունների վրա։ Նա, մասնավորապես, նշել է ՆԱՏՕ-ի շրջանակում Միացյալ Նահանգների գործընկերների հետ հարաբերությունները՝ ընդգծելով, որ դաշինքային պարտավորությունները չպետք է սահմանափակեն Վաշինգտոնի՝ սեփական առաջնահերթություններին համապատասխան քաղաքականություն վարելու հնարավորությունը։

«Մենք ունենք բազմաթիվ կարևոր հարաբերություններ և գործընկերություններ ՆԱՏՕ-ում, սակայն դա չի նշանակում, որ ամբողջությամբ մեր եվրոպական արտաքին քաղաքականությունը ենթարկելու ենք ՆԱՏՕ-ին, այնպես, ինչպես չենք կարող թույլ տալ, որ մեր Մերձավոր Արևելքի արտաքին քաղաքականությունը ենթարկվի Իսրայել պետությանը»,- հայտարարել է Վենսը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *