Արցախի սրբավայրերի ոչնչացումը Կաթողիկոսը կանխատեսել ու այդ մասին ահազանգել էր միջազգային կրոնական համաժողովում․ Դանիելյան

Այն, ինչ ներկայումս կատարվում է Արցախում հայկական պատմամշակութային սրբավայրերի հետ, աներկբա վկայում է ցեղասպանությունը անարգել ավարտին հասցնելուն ուղղված միջազգային հանցագործության մասին, ինչը և ճիշտ նույն ձեռագրով տեղի է ունեցել Թուրքիայում․ հայտարարել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

«Այս եղկելի երևույթը կանխատեսել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հստակ հնչեցրել աշխարհի շուրջ 400 բարձրաստիճան եկեղեցականների մասնակցությամբ մեկ տարի առաջ՝ 2025թ. ապրիլի 10-ին, Շվեյցարիայում հրավիրված «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը ԼՂ-ում» խորագրով համաժողովում:

«Այդ խիստ հիմնավորված և համարժեք ելույթը նախ արժանացավ ադրբեջանական հոգևոր առաջնորդի առնվազն անհարիր որակումներին, ապա երկրի ներսում զուգադիպեց առավել անթաքույց հակակեղեցական արշավի մեկնարկի հետ: Բայց Հայ Եկեղեցուն թիրախավորելու և ընդհանրապես հանրության մեջ հիշյալ ոճրագործությունները չնկատելու օրակարգ ներդնելու փորձերը, ինչպես և սպասվում էր, ոչ թե կանխեցին հայկական մշակույթի նկատմամբ բարբարոսությունները, այլ դարձան առավել լպիրշ․ ադրբեջանցի զինվորական կոչվածներն արդեն չեն խորշում իրենց բարբարոսությունները համացանցում ցուցադրելուց, ինչ խոսք՝ «խաղաղության անգերազանցելի երաշխավոր են»: Դե իսկ միջազգային կառույցների մասին խոսելը վաղուց է դարձել անիմաստ․ սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը»…»,- նշել է Դանիելյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *