Պաշտոնյաների վարձատրության համակարգը կփոխվի․ աշխատավարձեր, բոնուսներ և կենսաթոշակային նոր պայմաններ՝ 2027-ից

Կառավարությունը հավանություն է տվել պետական պաշտոնյաների վարձատրության համակարգը վերանայող օրինագծին։ Փոփոխությունները նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից։

Նախագծով նախատեսվում է վերանայել պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման գործակիցները, ներդնել կատարողականի հիմքով լրավճարների նոր համակարգ, փոխել գործող հավելումների տրամաբանությունը և վերափոխել պետական ծառայության մրցութային կարգը։

Նոր համակարգով ավելի բարձր պատասխանատվություն, որոշումներ կայացնելու ավելի մեծ լիազորություններ և կառավարման ավելի լայն շրջանակ ունեցող պաշտոնների համար նախատեսվում է տարբերակված վարձատրություն։ Միաժամանակ նախատեսվում է պարզեցնել աշխատավարձերի հաշվարկման գործող սանդղակները։

Կներդրվի կատարողականի հիմքով լրավճարների օրենսդրական համակարգ։ Պետական մարմինների աշխատանքը նախատեսվում է գնահատել նախապես սահմանված ռազմավարական նպատակների և չափելի ցուցանիշների հիման վրա։ Նախարարություններում նախատեսվում է նաև անհատական կատարողականի գնահատման համակարգ։

Միաժամանակ նախագծով առաջարկվում է սահմանափակել լրացուցիչ վարձատրության չափը․ այն չի կարող գերազանցել աշխատավարձի ընդհանուր չափի 60%-ը։

Հավելումների մի մասը կներառվի հիմնական աշխատավարձում

Նախագծով առաջարկվում է մեծացնել հիմնական աշխատավարձի դերը։ Այդ նպատակով գործող հավելումների և հավելավճարների մի մասը նախատեսվում է հնարավորինս ներառել աշխատավարձի հաշվարկման հիմնական գործակիցների մեջ՝ պահպանելով գործող վարձատրության մակարդակը։

Դատախազների, Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների հավելումները նախատեսվում է նվազեցնել, իսկ մի շարք այլ պաշտոնների դեպքում՝ վերացնել։

Ներկայում բազային աշխատավարձը կապված է նվազագույն աշխատավարձի հետ և ամեն տարի սահմանվում է պետական բյուջեի մասին օրենքով։ Նոր կարգավորմամբ նախատեսվում է բազային աշխատավարձի չափն ուղղակիորեն ամրագրել համապատասխան օրենքում։

Կրթության ծախսերը նույնպես կարող են խրախուսվել

Կատարողականի խրախուսման համար նախատեսված միջոցների մի մասը հնարավոր կլինի ուղղել պետական ծառայողների մասնագիտական կրթությանը՝ ըստ նրանց անհատական կարիքների։ Այսպիսով, համակարգը նախատեսում է ոչ միայն լրավճարներ, այլ նաև մասնագիտական զարգացման ֆինանսավորում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *