«Ձեր հագի շորերը որտեղի՞ց». Փաշինյանն անդրադարձել է ՏԻՄ աշխատավարձերին

«Ձեր հագի շորերը որտեղի՞ց, եթե հետևողականորեն խորանան, մեծ խնդիր կառաջանա»․ այսպես է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ներկայացուցիչներին՝ Կառավարության սեպտեմբերի 17-ի նիստում բարձրացնելով ՏԻՄ ղեկավարների վարձատրության ցածր մակարդակի հարցը։

«Ես հույս ունեմ, որ մենք ի վերջո օրենքի մակարդակով ՏԻՄ-երում այս խնդիրը կլուծենք։ Չեմ ուզում թաքցնել, որ մեր գործընկերներին երբեմն ասում եմ՝ եթե ինչ-որ մեկը խորանա, թե իրենց հագի շորերը որտեղից է, մեծ խնդիր կարող է առաջանալ, քանի որ միջինում մեր համայնքապետերը ստանում են ընդամենը 200,000-500,000 դրամ»,- նշել է վարչապետը։

Նույն նիստում Կառավարությունը որոշում է կայացրել 1 միլիարդ 110 միլիոն դրամ հատկացնել երկրի 7 մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պարզաբանել է, որ միջոցներն ուղղվելու են 19 համայնքներում իրականացվող 25 ծրագրերի համաֆինանսավորմանը (Արմավիրում՝ 9, Արագածոտնում, Լոռիում, Շիրակում և Տավուշում՝ 3-ական, Արարատում և Գեղարքունիքում՝ 2-ական ծրագիր)։

Վարչապետի խոսքով՝ այս հատկացումներով կվերակառուցվեն մանկապարտեզներ, կլուծվեն խմելու ջրի ու գազիֆիկացման հարցեր, ինչպես նաև կասֆալտապատվեն տասնյակ կիլոմետրերով ճանապարհներ։ Նա ընդգծել է, որ պետական այս ներդրումները հզոր խթան են հանդիսանում նաև մասնավոր հատվածի համար․

«Այն գյուղերում, որտեղ տասնյակ տարիներ ճանապարհ չի եղել, հենց տեղեկատվություն է տարածվում, որ Կառավարությունը մրցույթ է հայտարարել և հաղթող կա, անմիջապես սկսվում է հյուրատների կառուցումն ու մասնավոր այլ նախագծերի իրականացումը»։

Փաշինյանը եզրափակել է, որ սա պետություն-մասնավոր հատված հեռակա համագործակցության արդյունավետ մոդել է, որն էապես փոխում է համայնքների տնտեսական պատկերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *