Եվրահանձնաժողովից արձագանքել են Թուրքիայի վերաբերյալ ֆոն դեր Լայենի վերջին մեկնաբանություններին. Bloomberg


Քաղաքականություն


Եվրոպական հանձնաժողովը փորձում է արդարացնել իր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից Թուրքիայի մասին արված վիճահարույց արտահայտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Ապրիլի 19-ին Համբուրգում Die Zeit թերթի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթում ֆոն դեր Լայենն ընդգծել էր իր աջակցությունը Եվրամիության ընդլայնմանը և ասել. «Մենք պետք է հաջողության հասնենք Եվրոպական մայրցամաքի ամբողջականացման գործում, որպեսզի այն ազդեցության չենթարկվի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի կողմից»։

Ըստ Bloomberg-ի աղբյուրի՝ Թուրքիան այս մեկնաբանությունից հետո դիմել է Եվրահանձնաժողով՝ պարզաբանում ստանալու, թե որքան հստակ է ֆոն դեր Լայենի հայտարարությունը փոխանցվել ԶԼՄ-ների կողմից։ Եվրահանձնաժողովից էլ հայտնել են, թե նրա խոսքերը կտրված են եղել համատեքստից։

«Թուրքիայի հիշատակումը նրա աշխարհաքաղաքական ազդեցության, չափերի և հավակնությունների ճանաչում էր, մասնավորապես՝ Արևմտյան Բալկաններում, և չէր ենթադրում համեմատություն որևէ այլ երկրի հետ», – Bloomberg-ին ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյուն։

Ֆոն դեր Լայենի վերջին դիտարկումներն ապրիլի 21-ին քննադատել է նաև ԵՄ խորհրդարանում Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը։ Նա նշել է, որ Եվրոպայի վրա ազդեցություն գործելու առումով Թուրքիան Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին ներկայացնելն «աշխարհաքաղաքական առումով սխալ» է։

«Իր վերջին ելույթներից մեկում Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը ներկայացրել է Թուրքիան որպես Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին Եվրոպայի վրա ազդեցություն գործող երկիր։ Սա բացարձակապես անհամատեղելի է անվտանգության և պաշտպանության ոլորտներում ավելի ուժեղ համագործակցության վերաբերյալ կրկնվող ազդանշանների հետ և աշխարհաքաղաքական առումով սխալ վերլուծություն է», – գրել է նա X սոցիալական հարթակում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *