Կանադան, ձգտելով դիվերսիֆիկացնել իր պաշտպանական կապերը և նվազեցնել կախվածությունը Միացյալ Նահանգներից, պաշտոնապես դիմել է՝ միանալու Մեծ Բրիտանիայի գլխավորած «Միացյալ արշավախմբային ուժեր» (Joint Expeditionary Force – JEF) ռազմական կոալիցիային․ այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտնել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գրասենյակը։
Կոալիցիան բաղկացած է ՆԱՏՕ-ի անդամ 10 պետությունից և արագ արձագանքման ռազմական գործընկերություն է։
«Վարչապետ Քարնին հայտարարել է, որ Կանադան պաշտոնապես դիմել է JEF-ին միանալու համար, և ողջունել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը Կանադայի մասնակցությանն այս կարևոր նախաձեռնությանը», – նշված է Քարնիի գրասենյակի հայտարարությունում։
Կանադան, որն արդեն իսկ ՆԱՏՕ-ի անդամ է, ձգտում է ավելի սերտ ռազմական համագործակցության եվրոպական երկրների հետ՝ փորձելով նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից։
Ավելի վաղ Քարնին հանդիպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ Անգլիայի հյուսիսում։
Քարնիի գրասենյակի տվյալներով՝ նրանք քննարկել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները։
JEF-ի կազմում ընդգրկված են Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան։