Եթե վտանգված լինի ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ Իրանը վճռական դիրքորոշում կունենա․ դեսպան

«Զանգեզուրի միջանցք» նախագծում առկա էին ինքնիշխանության համար ոչ ընդունելի տարրեր, որոնք սպառնալիք էին ստեղծում Հայաստանի ազգային ինքնիշխանության համար և, կարծես թե, Հայաստանը Միացյալ Նահանգներին ներգրավեց որպես հավասարակշռող գործոն և լրացուցիչ երաշխիք` իր ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև Բաքվի և Անկարայի ճնշումները մեղմելու համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Հայաստանի մոտեցումն էր, որ ԱՄՆ–ից բացի որևէ այլ դերակատար չի կարող ստանձնել այդ դերը և, բնականաբար, այս հարցում Թրամփի անձնակենտրոն և էմոցիոնալ բնույթը ևս նպաստել է դրան»,– նշել է դեսպանը։

Նրա խոսքով՝ դեռ հարց է ԱՄՆ ներկայիս իշխանությունները և դրան հաջորդող իշխանությունները հավատարիմ կմնան այս նախագծին և ինչքանով կփորձեն աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության պաշտպանությանը։

«Այս պահին, կարծում եմ, կանխակալ դատողությունների կարիք չկա, բայց կարող եմ վստահությամբ ասել, որ եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ վտանգված լինեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կամ ազգային ինքնիշխանությունը, ապա Իրանը շատ վճռական և լուրջ դիրքորոշում կունենա դրա վերաբերյալ»,– ասել է Խալիլ Շիրղոլամին:

«Կարծում ենք, որ ինչպես Հայաստանն է պատասխանատու կերպով աջակցում այս ծրագրին և այդ շրջանակներում փորձում օգնել Ադրբեջանին ցամաքային կապի ստեղծման հարցում և այդպիսով իր ներդրումն է ունենում խաղաղության գործընթացում, հենց այդպես էլ Ադրբեջանը պետք է պատասխանատու կերպով ապահովի Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային կապի հնարավորությունը՝ Նախիջևանի տարածքով։ Այսպիսով Ջուղայի և Երասխի միջև երկաթուղային կապի ստեղծումը կարող է Հայաստանի համար նոր ներուժ ձևավորել՝ այն դարձնելով Պարսից ծոցն ու Հնդկական օվկիանոսը Սև ծովին կապող կարևոր հանգույց»,– հայտարարել է դեսպանը։

Նա նշել է, որ Իրանը լուրջ մտահգություններ է ունեցել հայ–իրանական սահմանին ամերիկյան ներկայության վերաբերյալ և այդ մասին հայտնել է հայկական կողմին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *