Մեսսին սահմանեց բացարձակ ռեկորդ | Top-News.am


Սպորտ


Ամերիկյան «Ինտեր Մայամին» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Campeones Cup-ը (Չեմպիոնների գավաթը)՝ սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տանելով մեքսիկական «Կրուս Ասուլի» նկատմամբ։


Մայամիի «Նյու Սթեդիում» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Խաղի 24-րդ րոպեին հաշիվը բացեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ աչքի ընկնելով Լուիս Սուարեսի փոխանցումից հետո։ Իսկ 81-րդ րոպեին վերջնական արդյունքը ձևակերպեց կիսապաշտպան Կազեմիրոն, որը գրավեց մրցակցի դարպասը հենց Մեսսիի կատարած արդյունավետ փոխանցման շնորհիվ։


Այս գնդակը 39-ամյա արգենտինացու համար հոբելյանական՝ 100-րդն էր ֆլորիդյան ակումբի կազմում (բոլոր մրցաշարերի կտրվածքով), և 929-րդը՝ պրոֆեսիոնալ կարիերայում։ Ընդ որում, Մեսսին սահմանեց MLS-ի նոր բացարձակ ռեկորդ՝ դառնալով լիգայի պատմության մեջ ամենաարագ 100 գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը։ Այս նշագծին հասնելու համար նրան պահանջվեց ընդամենը 115 հանդիպում։ Այդ խաղերի ընթացքում նա իր ակտիվում գրանցել է նաև 55 արդյունավետ փոխանցում։ Ավելին՝ այս վճռորոշ գոլի շնորհիվ Մեսսին պաշտոնական եզրափակիչներում խփած գոլերի ընդհանուր քանակը հասցրեց 36-ի՝ դառնալով համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ եզրափակիչներում ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստը։


«Կրուս Ասուլի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Մեսսին նաև թարմացրեց նվաճած տիտղոսների քանակով համաշխարհային ռեկորդը։ Այս գավաթն աստղային հարձակվողի համար 49-րդն էր կարիերայում։ Նա այժմ չորս տիտղոսով է գերազանցում այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնող բրազիլացի Դանի Ալվեսին։

Հիշեցնենք, որ Campeones Cup-ը ամենամյա մեկ խաղից բաղկացած մրցաշար է, որն անցկացվում է 2018 թվականից։ Տիտղոսը վիճարկում են ամերիկյան MLS-ի գործող չեմպիոնն ու մեքսիկական Liga MX-ի «Չեմպիոնների չեմպիոն» գավաթակիրը։ Նախորդ տարի այս մրցաշարում հաղթել էր մեքսիկական «Տոլուկան»։


Մեսսին «Ինտեր Մայամիի» գույները պաշտպանում է 2023 թվականի ամռանից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականի դեկտեմբերի վերջը, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 15 միլիոն եվրո։

armsport.am


 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *