Զբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողները


Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2026թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.8%-ով, սակայն նույն ժամանակահատվածում նվազել է հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորված զբոսաշրջիկների թիվը։ Փոխարենը զգալիորեն աճել է բարեկամների կամ հարազատների տներում, վարձով տրվող բնակարաններում և այլ վայրերում մնացած զբոսաշրջիկների թիվը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026թ․ հունվար-հունիս ամիսներին Հայաստան է այցելել 1 մլն 41 հազար 598 զբոսաշրջիկ՝ 2025-ի 907 հազար 135-ի փոխարեն։ Սակայն նրանցից հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորվել է 374 հազար 250-ը՝ նախորդ տարվա 382 հազար 659-ի փոխարեն։ Այսինքն՝ զբոսաշրջիկների ընդհանուր թվի աճի պայմաններում հյուրանոցներում տեղավորվածների թիվը նվազել է 2.2%-ով։

Միաժամանակ 2026-ի առաջին կիսամյակում 667 հազար 348 զբոսաշրջիկ է մնացել բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլ վայրերում։ Այս ցուցանիշը մեկ տարվա ընթացքում աճել է 27.2%-ով։ Այս փոփոխությունն ավելի տեսանելի է, եթե համեմատենք ոչ միայն նախորդ տարվա, այլև 2024-ի տվյալների հետ։

2024թ․ հունվար-հունիսին Հայաստան էր այցելել 944 հազար 162 զբոսաշրջիկ, որոնցից 418 հազար 264-ը՝ մոտ 44.3%-ը, տեղավորվել էին հյուրանոցներում։ 2025-ի նույն ժամանակահատվածում զբոսաշրջիկների ընդհանուր թիվը նվազել էր մինչև 907 հազար 135, իսկ հյուրանոցներում տեղավորվածների թիվը՝ 382 հազար 659։ Հյուրանոցային տեղավորման բաժինն այդ դեպքում կազմել էր մոտ 42.2%։ 2026-ի առաջին կիսամյակում այն արդեն մոտ 35.9% է։

Այսպիսով, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճին զուգահեռ հյուրանոցներում տեղավորվողների բաժինը նվազել է։ 2024-ի առաջին կիսամյակում հյուրանոցներում էր տեղավորվել զբոսաշրջիկների մոտ 44%-ը, իսկ 2026-ի նույն ժամանակահատվածում՝ 36%-ից պակասը։ Ընդ որում՝ 2025թ․ ամբողջ տարվա տվյալները նույնպես ցույց են տալիս նույն կառուցվածքը։ Այդ տարի Հայաստան է այցելել 2 մլն 263 հազար 642 զբոսաշրջիկ, որոնցից հյուրանոցներում տեղավորվել է 869 հազար 515-ը՝ 38.4%-ը։ Մնացած 1 մլն 394 հազար 127-ը՝ 61.6%-ը, տեղավորվել են բարեկամների կամ հարազատների տներում, վարձով տրվող բնակարաններում և այլ վայրերում։

Հատկանշական է նաև, որ 2026-ի առաջին եռամսյակում արդեն նույն միտումն էր արձանագրվել։ Այդ ժամանակ զբոսաշրջիկների թիվն աճել էր 17.2%-ով, սակայն հյուրանոցներում տեղավորվածների թիվը նվազել էր 3.4%-ով, իսկ այլ կացության վայրերում մնացածներինը՝ աճել 28.9%-ով։

Այս տվյալները, սակայն, ինքնին չեն նշանակում, որ զբոսաշրջիկները նախկինում հյուրանոցներում մնալուց այժմ զանգվածաբար անցել են վարձով բնակարանների։ Վիճակագրությունը ցույց է տալիս միայն, որ զբոսաշրջիկների ընդհանուր թվի աճը վերջին շրջանում ամբողջությամբ չի արտացոլվել հյուրանոցային տեղավորման ցուցանիշներում։

Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը։ Արդյո՞ք զբոսաշրջիկներն ավելի հաճախ են ընտրում վարձով բնակարաններն ու այլ կացարանները, թե՞ այստեղ դեր ունեն հյուրանոցների գներն ու Հայաստան այցելող զբոսաշրջիկների կառուցվածքի փոփոխությունները։

Արմեն Խեչումյան


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *