Բյուրեղավանում բազմաթիվ քաղաքացիներ նույնատիպ գանգատներով դիմել են պոլիկլինիկա


Հայաստան


Վերջին օրերին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում բազմաթիվ  քաղաքացիներ պոլիկլինիկա են դիմել նույնատիպ գանգատներով՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմության բարձրացում։ Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ սահմանված կարգի համաձայն՝ նմանատիպ մի քանի դիմումների դեպքում պոլիկլինիկան պարտադիր տեղեկացնում է համապատասխան առողջապահական մարմիններին։

«Մենք օրենքով նախատեսված կարգով հայտնել ենք համապատասխան կառույցներին, և այժմ իրականացվում են ստուգումներ։ Մասնավորապես՝ կատարվում են ջրի և հնարավոր այլ աղբյուրների նմուշառումներ՝ պարզելու պատճառը»,-ասաց տնօրենը։ Նրա խոսքով՝ այս պահին որևէ վերջնական տվյալ դեռ չկա, և հետազոտությունները շարունակվում են։ «Այս պահին «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները համայնքում են, իրականացնում են նմուշառումներ և ստուգումներ։ Դեռևս որևէ բան չի հայտնաբերվել»,-հավելեց նա։

Տնօրենի փոխանցմամբ՝ դիմած քաղաքացիների առողջական վիճակը ներկայում գնահատվում է բավարար, իսկ նման գանգատներով նոր կանչեր չեն գրանցվել։ «Հիվանդների վիճակը նորմալ է, կանչերը դադարել են։ Մենք շարունակում ենք սպասել ստուգումների արդյունքներին և գործում ենք սահմանված ընթացակարգով»,– ընդգծել է Վարդումյանը։

Ապրիլի 22-ին Բյուրեղավանի համայնքապետարանն էր հաղորդագրություն տարածել՝ հայտնելով, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապ օգնության ծառայություն հետևյալ գանգատներով’ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Նշվել էր, որ իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։ «Խնդրում ենք նման գանգատների առկայության դեպքում անպայման դիմել բժշկի, հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից կամ օգտագործել եռացրած վիճակում»,- ասված էր համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *