Մինչ Նիկոլ Փաշինյանին հավատարիմ որոշ կառույցներ ընդդիմադիրներին բարև տված աշխատակցին ազատում են աշխատանքից, Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը շարունակում է անհոգ պաշտոնավարել, իսկ նրա հետ ասոցացվող անձը լուրջ կապեր ունի «Տաշիր» խմբի հետ։
Համապատասխան փաստաթղթերից երևում է, որ Սուրեն Վարոսյանի բնակության հասցեում գրանցված է նաև այլ անձ՝ Աշոտ Վարոսյան անուն, ազգանունով։ Ազգանվան ընդհանրությունը հուշում է հնարավոր ընտանեկան կապի մասին։
Ավելին՝ Աշոտ Վարոսյանը ղեկավարում է Սամվել Կարապետյանի գլխավոր կառույցներից մեկը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Վարոսյանի օրինակը հերթական ապացույցն է այն պնդումների, որ հակամարտ կողմերի երկրորդ էշելոնները միմյանց հետ ընդհանրապես պրոբլեմ չունեն։
Ինչպես վերևում նշեցինք, Սուրեն Վարոսյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն է: Մինչ համայնքապետ դառնալը՝ նա զբաղեցրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատուի պաշտոնը (2021-ին): Այնուհետև, քաղաքապետ Ավինյանի որոշմամբ՝ նշանակվել՝ նախ Արաբկիրի ղեկավարի տեղակալ, իսկ 2025թ. օգոստոսի 21-ից՝ վարչական շրջանի ղեկավար: Ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ավինյանն ու Վարոսյանը, ոչ միայն մի տանիքի տակ են աշխատում, այլև շատ ջերմ հարաբերությունների մեջ են։
Այս փաստը հարց է ծնում՝ արդյոք քաղաքային իշխանությունը գիտակցաբա՞ր է խուսափում կամուրջներ այրելուց տնտեսական և քաղաքական այլ ազդեցիկ խմբերի հետ, թե՞ պարզապես ընտրողական մոտեցում կամ երկակի ստանդարտ է գործում։ Մի դեպքում՝ շարքային աշխատակիցները կարող են պատժվել ընդդիմադիրների հետ ոչ ֆորմալ շփումների համար, մյուս կողմից՝ միջին և բարձր օղակներում առկա կապերը չեն դիտարկվում որպես խնդիր և չեն ունենում «ճակատագրական» հետևանքներ։
Սա կարող է նշանակել մի քանի բան․ կա՛մ բիզնես շահերը հաճախ գերակայում են քաղաքական տարաձայնություններին, կա՛մ տեղական կառավարման մակարդակում կարևոր է կայունությունը և համագործակցությունը։
Oragir.News-ը փորձեց հարցեր ուղղել Սուրեն Վարոսյանին, սակայն ապարդյուն։ Մասնավորապես, փորձեցինք ճշտել՝ նրա հետ նույն հասցեում գրանցված անձը ներգրավվա՞ծ է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի գործունեության մեջ, ինչպես նաև՝ արդյոք իր կամ ընտանիքի անդամների շփումները «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների հետ որևէ ազդեցություն ունե՞ն քաղաքային իշխանության, մասնավորապես քաղաքապետի հետ հարաբերությունների վրա։ Մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։
Հասմիկ Մովսիսյան




