«Փաստ» օրաթերթը գրում է.
Թեև իշխանության մոտեցումները շարունակում են մնալ մակերեսային, և նրանք անհոգ ժեստերով փորձում են ցույց տալ, թե իբր ամենևին մտահոգված չեն Հայաստանի առջև ծառացած տնտեսական ծանր մարտահրավերներով, իրականությունն այլ է։ Իշխանական պատգամավորների ճղաձիգ ելույթներից արդեն իսկ պարզ է դառնում, որ իրենք էլ են զգում օդում կախված վտանգը և հասկանում, թե ինչի կարող է հանգեցնել երկրում սպասվող հսկայածավալ տնտեսական անկումը։ Անշուշտ, տնտեսական ճգնաժամն իշխանափոխության լուրջ նախադրյալ է, սակայն սա այն դեպքը չէ, երբ կարելի է խնդրին նայել սոսկ քաղաքական շահի տեսանկյունից։ Տնտեսության նման գահավիժումն աղետալի է պետության համար, և դրա հետևանքները հաղթահարելու համար տարիներ են պահանջվելու։ Սա ընդդիմության համար պարզապես «նվեր» չէ, այլ մի իրավիճակ, երբ ընդդիմադիր դաշտը պետք է լիովին պատրաստ լինի վերցնելու պետական ղեկը և կառավարելու առկա հսկայական ռիսկերը:
Խորհրդարանական համակարգերում ընդդիմությանը վերապահված վերահսկողական լծակները՝ հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների և սահմանադրական այլ պաշտոնների տեսքով, ծառայում են ոչ միայն որպես զսպման համակարգ, այլև նախապատրաստում են ապագա իշխանափոխությանը։ Տարբեր երկրների, օրինակ՝ Գերմանիայի կամ Լեհաստանի պրակտիկան ցույց է տալիս, որ երբ խորհրդարանական ընդդիմությունն արդյունավետորեն ստանձնում է իրեն վերապահված լծակները, դա հնարավորություն է տալիս կանխել քաղաքական վակուումը և ապահովել պետական ապարատի անխափան աշխատանքը իշխանափոխության անցումային փուլում:
Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակում նույնպես տեսանելի է դառնում իշխանափոխության հասունացման ինստիտուցիոնալ տրամաբանությունը: Օրենսդիր մարմնում ընդդիմության կողմից Սահմանադրությամբ իրեն վերապահված պաշտոնների և հանձնաժողովների ղեկավարման ստանձնումը պետական կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու քայլ է։ Այս գործընթացն ընթանում է սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի ֆոնին, երբ անգամ ռուսական պատժամիջոցների ամբողջական փաթեթի ուժի մեջ չմտած հատվածում արդեն իսկ մեծ անկումներ էին գրանցվել, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում։