ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Գրենլանդիայի հարցով համաձայնության է եկել Դանիայի և Գրենլանդիայի հետ․ գրում է Reuters -ը։
Ըստ Թրամփի՝ առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթով և ձեռք բերված պայմանավորվածություններով՝ ԱՄՆ-ն Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ մշտական վերահսկողություն կունենա։ Նախատեսվում է նաև ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Գրենլանդիայում։
Բացի այդ, Վաշինգտոնը սառցե կղզում ստանալու է մուտքի և օդային տարածքի մշտական ու ավելի լայն օգտագործման իրավունքներ։
Պայմանավորվածությամբ նախատեսվում է սահմանափակել ԱՄՆ-ի հակառակորդների հնարավորությունները՝ Գրենլանդիայում ռազմական բազաներ կամ ռազմական ներկայություն ունենալու, ինչպես նաև որոշակի ներդրումներ կատարելու հարցում՝ առանց ամերիկյան կողմի համաձայնության։
Միաժամանակ, ձեռք բերված համաձայնությունը չի նշանակում, որ Գրենլանդիան անցնում է ԱՄՆ-ին։ Associated Press-ը գրում է, որ կղզին շարունակում է մնալ Դանիայի կազմում։ Ըստ գործակալության՝ Դանիայի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ ստորագրվելիք պայմանավորվածությունը չի հակասում Դանիայի և Գրենլանդիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։