ՀՀ անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների համար կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 326.97 մլն դրամ, որից մոտ 1.031 մլրդ դրամը նախատեսված է Հանրապետության հրապարակում գլխավոր միջոցառման համար։ Մարզային միջոցառումներին նախատեսվում է մոտ 295.5 մլն դրամ։
Համեմատության համար՝ 2020 թվականին անկախության օրվա միջոցառումների ծրագրային բյուջեն եղել է 190 մլն դրամ, իսկ միայն մեկ խոշոր կազմակերպչական պայմանագիրը՝ 59.06 մլն դրամ։
2018 թվականի 27-ամյակի միջոցառումների համար հրապարակված տվյալով ծախսվել էր մոտ 84.8 մլն դրամ։
2021 թվականի 30-ամյակն էլ նշվել էր մեծամասշտաբ ձևաչափով՝ Հանրապետության հրապարակում գլխավոր միջոցառմամբ։ Կառավարությունն այն ժամանակ հայտարարել էր «մասշտաբային և գունագեղ տոնակատարության» մասին։
2024-ի ձևաչափը արդեն ավելի մշակութային էր․ Անկախության օրը Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվեց Անահիտ աստվածուհուն վերագրվող բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, կազմակերպվեցին նաև քաղաքային ֆլեշմոբներ և հանրայնացման միջոցառումներ։
Իսկ 2026-ին ծրագրի շրջանակներում բացի Երևանի գլխավոր համերգից միջոցառումներ են նախատեսված Կապանում, Վանաձորում, Գյումրիում և Իջևանում։ Հանրապետության հրապարակում կայանալիք համերգին Թաթա Սիմոնյանի ելույթի համար նախատեսված է 20 մլն դրամ, Արման Հովհաննիսյանին՝ ավելի քան 17 մլն, Սարո Թովմասյանին՝ 8 միլիոն դրամ, Իվետա Մուկուչյանին՝ ավելի քան 5 միլիոն դրամ, Արամ MP3-ին՝ ավելի քան 5 միլիոն դրամ:
Պայմանագրում ելույթների տևողությունը նշված չէ, սակայն միջոցառման ընդհանուր տևողությունը կազմելու է 1 ժամ 30 րոպե։