Եվրոպայում մարդիկ մշտական ճնշման տակ են տարբեր պատճառներով՝ աշխարհաքաղաքական ճգնաժամերի հետևանքով կյանքի թանկացում և աշխատանքի ավտոմատացում, որը սպառնում է աստիճանաբար կրճատել աշխատատեղերը։
Հոգեբանին դիմելը, կարծես, դարձել է ամենատարածված խորհուրդներից մեկը գերհոգնածության եզրին գտնվող կամ արդեն դրա դեմ պայքարող մարդկանց համար․ գրում է Euronews-ը։
Eurofound-ի՝ աշխատանքային պայմանների բարելավմամբ զբաղվող ԵՄ գործակալության զեկույցը ներկայացնում է եվրոպական աշխատավայրերում սթրեսի մակարդակն ու թերապիայի արժեքը։ Արդյունքները, սակայն, բավական սթափեցնող են։
Մասնավոր մի քանի սեանսների միջին արժեքը, որոնք սովորաբար տևում են 45-60 րոպե, որոշ դեպքերում կարող է հասնել ամսական նվազագույն աշխատավարձի չափին։
Ֆրանսիան և Իսպանիան համարվում են ամենամատչելի երկրներից երկուսը․ Ֆրանսիայում ոչ միայն սեանսի արժեքն է համեմատաբար ցածր՝ սովորաբար 50-80 եվրո, այլ նաև պետական առողջապահական համակարգը ծածկում է ծախսի մինչև 60%-ը․ մնացած մասը սովորաբար հոգում է մասնավոր ապահովագրությունը՝ նրանց համար, ովքեր այն ունեն։
Գերմանիայում պատկերն այլ է։ Eurofound-ի տվյալներով՝ մասնավոր ապահովագրությունը չի ծածկում հոգեթերապիայի սեանսները։ Ավելին՝ մեկ այցը կարող է արժենալ 100-150 եվրո, իսկ 10 սեանսը կարող է արժենալ նվազագույն աշխատավարձի մոտ երկու երրորդից մինչև ամբողջական չափը։
Նշվում է, որ որոշ ոլորտներ ավելի շատ են տուժում, քան մյուսները, հատկապես նրանք, որոնք ներառում են հաճախորդների հետ անմիջական շփում։