Meta-ն ԱԲ մոդելների ուսուցման համար ծրագիր է ներկայացրել


Գիտություն


Meta ընկերությունը ԱՄՆ-ում աշխատող իր անձնակազմի համակարգիչներում տեղադրում է նոր հետագծող ծրագրային ապահովում, որը արձանագրում է մկնիկի շարժումները, սեղմումները և ստեղնաշարի հարվածները։ Հավաքագրված տվյալները նախատեսվում է օգտագործել արհեստական բանականության մոդելների ուսուցման համար՝ որպես ինքնավար առաջադրանքներ իրականացնող ԱԲ գործակալների ստեղծման լայնածավալ ծրագրի մաս։ Ընկերությունը այդ մասին տեղեկացրել է աշխատակիցներին ներքին հուշագրերով, հաղորդում է Reuters գործակալությունը։

Ծրագիրը, որը կրում է Model Capability Initiative (MCI) անվանումը, գործելու է աշխատանքային հավելվածներում և կայքերում՝ պարբերաբար իրականացնելով նաև էկրանի լուսապատճենում (snapshot)։ Հուշագրերից մեկում նշվում է, որ նախաձեռնության նպատակը ԱԲ մոդելների կատարելագործումն է հատկապես այն ոլորտներում, որտեղ դրանք դժվարությամբ են վերարտադրում մարդու և համակարգչի փոխազդեցությունը, օրինակ՝ բացվող ընտրացանկերի օգտագործումը կամ ստեղնաշարի «թեժ» համադրությունների կիրառումը։

«Սա այն դեպքն է, երբ Meta-ի բոլոր աշխատակիցները կարող են նպաստել մեր մոդելների զարգացմանը՝ պարզապես կատարելով իրենց առօրյա աշխատանքը»,- ասված է հուշագրում։

Facebook և Instagram հարթակների սեփականատեր Meta-ն ակտիվորեն ընդլայնում է արհեստական բանականության կիրառումը իր աշխատանքային գործընթացներում՝ միաժամանակ վերակազմավորելով անձնակազմը այդ տեխնոլոգիայի շուրջ։ Ընկերության համոզմամբ՝ այս քայլերը կբարձրացնեն գործունեության արդյունավետությունը։

Meta-ի տեխնիկական տնօրեն Էնդրյու Բոսվորթը երկուշաբթի տարածված մեկ այլ հուշագրում նշել է, որ ընկերությունը կուժեղացնի տվյալների ներքին հավաքագրումը «AI for Work» նախաձեռնության շրջանակում, որը ներկայումս վերանվանվել է Agent Transformation Accelerator (ATA)։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *