Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է անկախության 35-ամյակը։ Անկախ պետականության կերտման ճանապարհը կարելի է դիտարկել նաև այն ռեսուրսների միջոցով, որոնք տարբեր ժամանակաշրջաններում պետությունը հատկացրել է ռազմական ոլորտին․
SIPRI-ի տվյալներով՝ 2024թ․ գներով հաշվարկված Հայաստանի միջին տարեկան ռազմական ծախսերը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանի տարիներին կազմել են մոտ $169 մլն։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին՝ 1999–2007 թթ., ռազմական ծախսերի տարեկան միջինը հասել է շուրջ $288 մլն-ի։
Սերժ Սարգսյանի կառավարման 2009–2017թթ․ ընթացքում միջին տարեկան ռազմական ծախսն արդեն կազմել է մոտ $612 մլն։
Ավելի մեծ փոփոխություն է արձանագրվում 2019–2025 թթ․։ Նիկոլ Փաշինյանի կառավարման այդ տարիների միջին տարեկան ռազմական ծախսը, նույն՝ 2024թ․ գներով, կազմում է շուրջ $1.2 մլրդ։
Փոխվել է ոչ միայն ծախսերի իրական ծավալը, այլև տնտեսության վրա ռազմական բեռը։ Ռազմական ծախսերը Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում միջինում կազմել են ՀՆԱ-ի համապատասխանաբար մոտ 3.2% և 3.1%-ը, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ մոտ 4%-ը, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ մոտ 5.1%-ը։
2025թ․ ռազմական ծախսերը հասել են շուրջ $1.7 մլրդ՝ 2024 թ․ գներով, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցությունը՝ մոտ 6.1%-ի։
Այսպիսով, անկախության 35 տարիների ընթացքում Հայաստանի ռազմական ծախսերի իրական ծավալը զգալիորեն մեծացել է, հատկապես վերջին տասնամյակում։ Սակայն, այդ տարբերությունները չեն կարող վերագրվել միայն տվյալ ժամանակաշրջանի ղեկավարին․ դրանց վրա ազդել են տնտեսական աճը, պատերազմները, անվտանգային միջավայրի փոփոխությունները, սպառազինության գնումները և պետական բյուջեի առաջնահերթությունները։