Խաղաղության գիտակցությանը մենք հասել ենք մեր հազարավոր եղբայրների ու քույրերի կյանքի գնով․ Փաշինյան

Խաղաղության գիտակցությանը մենք հասել ենք մեր հազարավոր եղբայրների ու քույրերի կյանքի գնով։ Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։

«Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 35–րդ տարեդարձը։ 35 տարի առաջ, 1991 թվականի սեպտեմբերի 21–ին, Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիները պետք է պատասխանեին հետեւյալ հարցին․ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»։

Հայաստանի քաղաքացիների 95.4 տոկոսը մասնակցեց հանրաքվեին, եւ մասնակիցների 94.3 տոկոսը «Այո» պատասխանեց հանրաքվեի դրված հարցին։

Ինչու՞ ուրեմն, ինչու՞ Հայաստանի քաղաքացիները գրեթե միաձայն «Այո» ասացին անկախությանը։ Թերեւս մի պատճառով․ նրանք ուզում էին ապրել ազատ, անվտանգ, ժողովրդավարական, զարգացած, բարեկեցիկ, ինքնիշխան երկրում՝ որպես ինքնիշխան քաղաքացիներ։

Այս պատկերացումները, սակայն, մասամբ կամ ամբողջությամբ ի դերեւ ելան, որովհետեւ անկախությունից միայն 30 տարի անց մենք առերեսվեցինք այն փաստի հետ, որ ազատությունը, անվտանգությունը, ժողովրդավարությունը, բարեկեցությունը, ինքնիշխանությունը կամ չեն կարող լինել, կամ չեն կարող լիարժեք լինել անվերջ թվացող հակամարտության եւ ժամանակ առ ժամանակ բռնկվող պատերազմի պայմաններում։

Հայաստանի Հանրապետության անկախության 35–ամյակը, ահա, նշում ենք խաղաղության միջավայրում, բայց խաղաղությանն ու խաղաղության գիտակցությանը մենք հասել ենք մեր հազարավոր եղբայրների եւ քույրերի կյանքի գնով»,– հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ այսօր ՀՀ քաղաքացիներն ունեն։

«Որովհետեւ մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր ինքնության, մեր մշակույթի պահպանումն ու զարգացումը, մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր պատմության շարունակականությունը, պետությունն է, որ մեզ մեր ճակատագրի տերն է դարձնում, մեզ դարձնում է մեր ազատության, անվտանգության հեղինակն ու երաշխավորը»,– հավելել է Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *