ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված «Բարգավաճում խաղաղության միջոցով. ներդրումներ Տրանսկասպյան առևտրային ուղում և TRIPP-ում» խորագրով միջոցառմանը։Այս մասին նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից X սոցիալական մեդիա հարթակում կատարված գրառման մեջ։
Իր ելույթի ընթացքում նախարարը ներկայացրել է Ադրբեջանի տեսլականը տարածաշրջանային կապի ամրապնդման վերաբերյալ։ Նա նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը կարող է զգալի ներդրում ունենալ տարածաշրջանի տնտեսական աճի արագացման, մատակարարման շղթաների դիմադրողականության բարձրացման և նոր ներդրումային հնարավորությունների ստեղծման գործում։
Միջոցառման կենտրոնում TRIPP նախագիծն էր։ Նշվել է, որ TRIPP-ը, որը ներկայացվել է որպես Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը։ Ընդգծվել է, որ նախագիծը նաև կնպաստի տարածաշրջանային ավելի լայն կապերի զարգացմանը և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ամրապնդմանը։
Ջեյհուն Բայրամովը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը TRIPP-ի իրականացման գործում և երախտագիտություն հայտնել այս գործընթացում ցուցաբերած աջակցության համար։
Արտգործնախարարն ընդգծել է, որ նախագիծը չի սահմանափակվում միայն տրանսպորտով և ունի զգալի ներուժ տարածաշրջանային էներգետիկ կապերի զարգացման և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման համար։
Ըստ Ադրբեջանի մոտեցման՝ Տրանսկասպյան երթուղու զարգացումը և TRIPP-ի նման նոր հաղորդակցական նախագծերը կարող են լրացուցիչ հնարավորություններ ստեղծել տարածաշրջանային առևտրի, ներդրումների և էներգետիկ համագործակցության համար՝ ապահովելով երկրների և շուկաների միջև ավելի սերտ կապեր։