
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի հետ: Թե ինչով է պայմանավորված եղել հանդիպումը, չի նշվում: Բացառված չէ, որ Երևանը փորձում է Գյուլին համոզել, որ վերջիինս օգնի հայ-թուրքական հարցում Անկարայի որոշակի քայլերի:
Համենայն դեպս, հատկանշական է, որ ԱԺ նախագահն էլ զուգահեռ հայտարարում է, թե Ադրբեջանն է խանգարում հայ-թուրքական գործընթացին: Ստացվում է՝ Ադրբեջանը խանգարում է, իսկ Գյուլը կօգնի՞:
Սակայն Գրիգորյան-Գյուլ հանդիպման հանգամանքը ունի մեկ այլ խորհրդանշականություն: Գրիգորյանը այն մարդկանց շարքում էր, որոնք քննադատում էին Սերժ Սարգսյանին, երբ նա 2008 թվականին սկսեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն ու Գյուլին հրավիրեց Հայաստան: Այդ քննադատության առիթներից մեկն էլ այն էր, որ Սերժ Սարգսյանը Գյուլին Երևանում խնդրել էր աջակցել արցախյան խաղաղ կարգավորմանը: Դե, Արմեն Գրիգորյանն այն ժամանակ «հող հանձնողին հանձնենք հողին»-ական էր: Ընդամենը երկու-երեք օր առաջ էլ Գրիգորյանը իրազեկել էր հանրությանը, թե վերջապես հրատարակել է հեղափոխության մասին իր գիրքը, որը՝ իր իսկ խոսքով, «Սերժին մերժելու» պրոցեսի անձնական փորձառության մասին է։ Փաստորեն, «Սերժին մերժելուց» մինչև Գյուլին «ընդունելը» մեկ քայլ է»: