
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 250 մլն եվրո ծավալով վարկային գիծ տրամադրելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը։
Ծրագրի հիմնական նպատակներից է պետական ֆինանսների առավել արդյունավետ կառավարումը։ Նախատեսվում է որակյալ և երկարաժամկետ պետական ծախսերի ու ներդրումների իրականացմամբ բարելավել հանրային ֆինանսների կառավարման համակարգը։
Ծրագիրը միաժամանակ ուղղված է արտաքին ֆինանսական աղբյուրներից Հայաստանի կախվածության նվազեցմանը։ Դրա համար նախատեսվում է խթանել ներքին ռեսուրսների մոբիլիզացումը և ձևավորել ավելի բարենպաստ պայմաններ բիզնեսի ու ներդրումային գործունեության համար։
Փաստաթղթի համաձայն՝ ծրագիրը կիրականացվի Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ։
Վարկային միջոցների տրամադրման ընդհանուր ժամկետը սահմանվել է 20 տարի, որից առաջին 5 տարին նախատեսված է որպես արտոնյալ ժամանակահատված։