Էստոնիան պատրաստվում է Ռուսաստանի հնարավոր սադրանքներին՝ զորքը մոտեցնելով Ռուսաստանի հետ սահմանին և գնելով զենք, որը կարող է խոր հարված հասցնել Ռուսաստանին․ գրում է meduza.io-ն՝ The Financial Times-ին հղումով։
«Ակտիվ պաշտպանության» նոր ռազմավարության շրջանակում ընդլայնվել և արդիականացվել է Յիհվիի բազան, որը գտնվում է Ռուսաստանի սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Այնտեղ Էստոնիայի Տապա քաղաքի գլխավոր ռազմաբազայից (Ռուսաստանի սահմանից մոտավորապես 150 կիլոմետր հեռավորության վրա) տեղափոխվել է 1-ին հետևակային բրիգադի շտաբը։
Ավելին, Նարվայում կառուցվում է 1000 զինծառայող տեղակայելու համար նախատեսված նոր ռազմաբազա։ Ակնկալվում է, որ այնտեղ մշտապես կտեղակայվի 200 զինվոր, իսկ սահմանային ճգնաժամի դեպքում բազան կկարողանա տեղավորել ևս 800 զինծառայողի։
Էստոնիայի ռազմական ոլորտի պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստանը դժվար թե փորձի գրավել սահմանային Նարվան, բայց չեն բացառում սադրանքները՝ ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության մասին հոդվածի արդյունավետությունը ստուգելու համար։