ՌԴ-ում դատախազությունը պահանջում է հայազգի «օրենքով գողին» ծայրահեղական ճանաչել եւ առգրավել ունեցվածքը


Իվանովոյի մարզի դատախազությունը պահանջել է ծայրահեղական ճանաչել «օրենքով գող» Ռուբեն Քոսյանի (Իվանովսկու) խմբավորման անդամներին եւ նրանց ունեցվածքը բռնագանձել հօգուտ պետության։

Մարզի դատախազի հայցով Իվանովոյի շրջանային դատարանը ապահովման միջոցներ է կիրառել։

Դատավարությունը նախատեսվում է անցկացնել դռնփակ ռեժիմով, իսկ դրա մասնակիցների անվտանգությունն ապահովելու են ոստիկանությունն ու Անվտանգության դաշնային ծառայությունը։

«Կմերսանտի» տվյալներով՝ խոսքը վեց մլրդ ռուբլի ունեցվածքի մասին է։

Հայցի պատասխանողները Իվանովսկու խմբավորման անդամներն են եւ նրանց հետ կապ ունեցող անձինք՝ 64 հոգի։

Դատախազության վարկածով՝ 1990-ականներին Քոսյանի խմբավորումը վերահսկում էր 64 ընկերություն, ավելի քան 250 անշարժ գույք եւ 198 տրանսպորտային միջոց, ինչպես նաեւ մարզում ուղեւորափոխադրումներն ու Իվանովոյի ավտոկայանը։ Իրավապահները կարծում են, որ ակտիվներն օգտագործվել են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ կազմակերպված հանցավոր խմբավորման ազդեցության ընդլայնման համար։

Ըստ դատական փաստաթղթերի՝ ազգությամբ հայ վաթսունամյա Ռուբեն Քոսյանը ծնվել է Ռուսաստանում՝ Իվանովոյի մարզի Յանինո ավանում, թեեւ մարզի մեկ այլ բնակավայրի անունով նրան կոչել են նաեւ «Վիչուգայի հեղինակություն»։

armradio.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *