Օրակարգը շեղելու համա՞ր – Հրապարակ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննադատել է ադրբեջանցի զինծառայողի՝ հայկական բնակավայրում հայտնվելուց հետո պետական կառույցների գործողությունները՝ հարց բարձրացնելով, թե ինչու բնակիչները նախապես չեն զգուշացվել հնարավոր վտանգի մասին։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ ադրբեջանական կողմը միջադեպի մասին հայկական կողմին տեղեկացրել էր դեռ մի քանի օր առաջ, սակայն այդ ընթացքում, ըստ նրա, գյուղացիներին որևէ նախազգուշացում չի տրվել։

Նրա խոսքով՝ տարածքում որոնողական աշխատանքներ նույնպես չեն իրականացվել։ Կարապետյանը հարց է բարձրացրել, թե արդյոք Ազգային անվտանգության ծառայությունը չէր կարող տեղում ստուգումներ իրականացնել, բնակչությանը տեղեկացնել հնարավոր վտանգի մասին և ապահովել համայնքի անվտանգությունը։

«Ի՞նչ են արել այդ քանի օրը, չեմ հասկանում։ Ինչո՞ւ պետք է հայ կինը մտներ իր տուն ու այնտեղ ադրբեջանցի տեսներ»,- ասել է նա՝ քննադատելով պետական համակարգի արձագանքը։

Պատգամավորի գնահատմամբ՝ իշխանությունները տեղի ունեցածին լուրջ վերաբերմունք չեն ցուցաբերում։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը կարող է օգտագործվել օրակարգը այլ ուղղությամբ տեղափոխելու համար։

Կարապետյանը խնդիրը դիտարկել է նաև ավելի լայն անվտանգային համատեքստում՝ նշելով, որ եթե պետությունը չի կարողանում վերահսկել մեկ ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու հետ կապված իրավիճակը, ապա հարց է առաջանում, թե ինչպես է պատրաստվում ապահովել անվտանգությունը ավելի մեծ մասշտաբի հնարավոր խնդիրների դեպքում։

Նա ընդգծել է նաև, որ Ադրբեջանում, իր գնահատմամբ, հակահայկական քարոզը սկսվում է դեռ մանկապարտեզից և դպրոցից, ինչն, ըստ նրա, լրացուցիչ անվտանգային մարտահրավեր է Հայաստանի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *