Ֆրանսիական Իսուար քաղաքի թանգարանից գողացել են Ժոզեֆ Ֆորեի «Հայտնության գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել էր Սալվադոր Դալին։
Ոստիկանությունն առայժմ չի կարողանում բացատրել, թե ինչպես է կողոպտիչներին հաջողվել աննկատ դուրս բերել այդքան ծանր իրը։ Կազմը կշռում է մոտ 150 կիլոգրամ, իսկ ամբողջ գիրքը՝ 210 կիլոգրամ։
«Հայտնության գիրքը» ստեղծվել է 1960 թվականին՝ Հովհաննես Առաքյալի Հայտնության (Ապոկալիպսիսի) մոտիվներով։ Գրքի վրա աշխատել է 14 նկարիչ ու գրող, այդ թվում՝ Սալվադոր Դալին, Ժան Կոկտոն և Ժան Ժիոնոն։
Գիրքը ներառում է ոչխարի կաշվից պատրաստված 150 մեծ թերթ։ Բրոնզե կազմը զարդարված է ոսկով և թանկարժեք քարերով։ Ստեղծման պահին «Հայտնությունն» աշխարհի ամենածանր և ամենաթանկ գիրքն էր։ Դրա արժեքը գնահատվում էր 2 միլիոն ֆրանկ։