Խուլիգանության մեղադրանքով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդին՝ մեղավոր ճանաչվել

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվել է:

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Ջիվանյանի նախագահությամբ, հրապարակել է Վարդան և Սպարտակ Ղուկասյանների գործով վերդիկտը, համաձայն որի՝ Վարդան Ղուկասյանն արդարացվել է, իսկ Սպարտակ Ղուկասյանը՝ մեղավոր ճանաչվել խուլիգանության մեղադրանքով, նրա մեղադրանքը վերավորակվել և մեղմացվել է՝ ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերից փոխվելով նույն հոդվածի 1-ին մասի։

ՀՀ Գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հաստատել են տեղեկատվությունը՝ հավելելով, որ կայացվել է արդարացման վերդիկտ խուլիգանության դրվագով, դատավճիռը հրապարակվելուց և Դատախազությունում ստացվելուց հետո Վերաքննիչ բողոք է ներկայացվելու:

Նշենք՝ արդարացման վճիռը վերաբերում է միայն խուլիգանության մեղադրանքին, ըստ որի՝ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ էին արել իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին:

Դեպքից հետո նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ Նրանք մեղադրվում էին մի խումբ անձնաց հետ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեջ:

Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու գործով են  կալանավորված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեղադրանքի ապացուցման դեպքում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *