Գերմանիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավարը ձերբակալվել է պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով

Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը (պաշտոնավարել է 1998-2005 թվականներին) ձերբակալվել է լրտեսության և պետական դավաճանության փորձի կասկածանքով․ գրում է Politico-ն։

Ենթադրվում է, որ սա Սառը պատերազմից ի վեր երկրի պատմության մեջ հետախուզական տվյալների արտահոսքի ամենալուրջ դեպքերից մեկը կարող է լինել։

Ըստ Գերմանիայի դաշնային դատախազության՝ Արտաքին հետախուզության գործակալությունում (BND) բարձր պաշտոններ զբաղեցրած տեղեկատուի դեմ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-ականներից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում Հաննինգին է փոխանցել շուրջ 2000 փաստաթուղթ (որոնցից շատերը՝ գաղտնի)։

Դատախազների պնդմամբ՝ Հաննինգն այդ տեղեկատվությունն օգտագործել է սեփական շահույթն ապահովելու նպատակով։ Նա մտադիր է եղել այդ տեղեկությունները «վերավաճառել իր խորհրդատվական գործունեության շրջանակում»։ Մասնավորապես՝ առնվազն մեկ դեպքում, ըստ դատախազության, Հաննինգը գաղտնի տեղեկատվությունն օգտագործել է օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցի համար վերլուծական զեկույց կազմելու նպատակով։

«Մեղադրյալ Հաննինգը կասկածվում է պետական դավաճանության հատկանիշներ պարունակող լրտեսության համար», – նշվում է դատախազության հայտարարության մեջ։Այս մեղադրանքները լուրջ հարված են հասցնում Գերմանիայի արտաքին հետախուզության գործակալության հեղինակությանը, որը պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում։ BND-ն նախկինում ևս ենթարկվել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների գործակալների ներթափանցման փորձերի, ինչի պատճառով արևմտյան գործընկեր հետախուզական ծառայությունները երբեմն զգուշավորություն են ցուցաբերել՝ խուսափելով գործակալության հետ զգայուն տեղեկատվություն կիսելուց։

2022 թվականին իշխանությունները ձերբակալել էին BND-ի բաժնի նախկին ղեկավար Կարստեն Լ.-ին՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով. նա հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները, իսկ դատական գործընթացը դեռ շարունակվում է։

Այս մեղադրանքները հնչում են BND-ի համար հատկապես զգայուն ժամանակահատվածում, երբ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը նախաձեռնել է գործակալությանը նոր, լայն լիազորություններ տրամադրելու նախագիծ՝ Մոսկվայի դեմ գործողություններ իրականացնելու նպատակով։

Գերմանիայում այժմ բազմաթիվ հարցեր կբարձրացվեն այն մասին, թե ինչպես է հնարավոր եղել, որ հետախուզական տվյալների նման խոշոր արտահոսքը մեկ տասնամյակից ավելի չբացահայտված մնա։

Հաննինգի հետ համագործակցության համար կասկածվող անձը նույնականացվել է որպես Մանֆրեդ Դ.՝ Հաննինգի աշխատակազմի նախկին ղեկավարը։ Ըստ դատախազների՝ Հաննինգի պաշտոնաթողությունից հետո Մանֆրեդ Դ.-ն 2012 թվականի մարտից մինչև 2026 թվականի մարտը շարունակել է աշխատել որպես աշխատակազմի ղեկավար՝ սպասարկելով BND-ի հաջորդ մի քանի ղեկավարների։

Ըստ դատախազների հայտարարության՝ Մանֆրեդ Դ.-ն մեղադրվում է «օտարերկրյա պետության շահերից բխող դավաճանության և լրտեսության փորձին օժանդակելու և դրդելու» համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *