Հովիկ Աբրահամյանի եղբայրը 26 միլիոն մուծվել է

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանին սեպտեմբերի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթի շրջանակում։ Պարզվում է՝ երկու շաբաթում կոմիտեն արագընթաց քննել, ավարտել է գործի նախաքննությունը եւ դատախազն այն ուղարկել է դատարան՝ ըստ էության քննության։ Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել․ «…այն բանի համար, որ նա 2015-2016թթ. խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է ՀՀ Արարատի մարզի Մարամարաշեն համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած էդուարդ Զավենի Հակոբյանին, անձնական այլ շահագրգովածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որը Մարմարաշեն համայնքի օրինական շահերին պատճառել է առանձնապես խոշոր չափերի’ 25.990.635 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս»։

Մենք տեղեկացանք, որ Հենրիկ Աբրահամյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ընդունել մեղքը, վերականգնել 26 միլիոն դրամ վնասը, դրանով էլ պայմանավորված ի սկզբանե մեղմ խափանման միջոց էր ընտրվել` բացակայելու արգելքը։

Նշենք, որ բացի այս քրեական գործից, Հենրիկ Աբրահամյանն անցնում է նաեւ եղբոր` Հովիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքով` փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու գործով, որով դատավարությունը տեւական ժամանակ է ընթանում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *