Պասիվ պաշտպանությունը հաղթանակի չի հասցնում

ՔՊ-ական Չախոյանն ԱԺ-ում հարց է բարձրացնում, թե ո՞րն է ընդդիմության ազգային արժեքները: Եվ ի՞նչ է ուզում փոխանցել սերունդներին… Թե՞ կարելի է կուսակրոնության ուխտ տալ ու հետո դրժել այն: Ու արդեն որերորդ անգամ լսելով դա՝ մեզանում անընդհատ ծագում է աստվածաշնչյան ոգով տրված հարցը՝ իսկ ովքե՞ր են դատավորները:

Նրանք, ովքեր իշխանության եկան երկրում ժողովրդավարության բաստիոն, արդարություն հաստատելու խոստումներով ու հաստատեցին ոստիկանապետություն ու ամենածանր անարդարությունը: Ովքեր Արցախը հայտարարում էին Հայաստան ու հետո դավաճանեցին արցախցիներին: Ովքեր նախկիններին քննադատում էին պետության անվտանգությունը բավարար չափով չապահովելու մեջ, իսկ իրենք զրոյացրին այն: Ովքեր խոստանում էին բարձրացնել Հայաստանի ինքնիշխանությունը, սակայն վարի տվեցին այն՝ սարսափելիորեն խեղճանալով թշնամու առաջ: Ովքեր կռիվ էին տալիս թանկացումների դեմ, բայց եկան ու բազմակի անգամ բազմաթիվ ծառայություններ թանկացրին: Ովքեր իրենց կուսակցության համար բարեվարքության կանոններ են մշակում, բայց պատեհ և անպատեհ խախտում են դրանք: Ովքեր… Ու այդ ցուցակը կարելի է անընդհատ շարունակել:

Իսկ այս օրերին էլ փոխանակ մտածեն, թե ինչպես ամրապնդել սահմանները, որպեսզի ավտոմատավոր ադրբեջանցին հանգիստ չհատի դրանք՝ 30 կմ խորանալով երկրում, խոսքը տանում են կուսակրոնության ուխտը խախտելու ուղղությամբ: Որոնց համար Վեհափառ Հայրապետի կողմից կուսակրոնության ուխտ դրժելն ավելի մեծ հանցագործություն է, քան իշխանության իններորդ տարում թշնամու առաջ բաց սահմանների առկայությունը: Այսինքն, պետության անվտանգության սպառնալիքը: Էլ չասած, որ Գարեգին Բ-ի դեմ Նիկոլը պայքարում էր նրանից շատ ավելի հեղինակազրկված եպիսկոպոսների միջոցով: Ինչը, նրա ասելով, կոչվում էր հայոց եկեղեցու բարենորոգում:

Սակայն ողջ խնդիրն այն է, որ հունիսի 7-ին նրանց ընտրած անգրագետ ու հայրենիքի զգացողությունից զուրկ բիոզնգվածը հենց այդ մտածողությամբ է օժտված: Ու իշխանությունն էլ ամեն պահի օգտագործելու է այդ հանգամանքը՝ երբ այսօրվա նման խնդիրներ ունենա: Իբրև թե հաստատված խաղաղության պայմաններում քաղաքացիների կյանքի ու առողջության անվտանգության խնդիր ծագի: Ու դրա դեմ փորձում է կրկին խաղարկել կուսակրոնություն խախտելու հարցը: Ու այն կշրունակվի ընդմիշտ՝ եթե նույնիսկ նրան հաջողվի հաղթանակ տանել հայոց եկեղեցու նկատմամբ: Ինչը կարող է խզվել միայն այն դեպքում, երբ մեր պետությունը կարողանա ազատվել այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից:

Ինչևէ, սեղանին հարվածելը՝ երբ ՔՊ-ականները տալիս են Վեհափառ Հայրապետի ավազանի (աշխարհիկ) անուն-ազգանունը, հարցի լուծում չէ: Հատկապես որ արդեն ստեղծվել է նաև քննիչ հանձնաժողովը: «Ուժեղ Հայաստան»-ից Վարդևանյանի ասելով, դրա ստեղծումն անօրինական է, սակայն, անկեղծ ասած, չհասկացա, թե ինչու է անօրինական: Հատկապես որ ընդդիմադիր պատգամավորն այս անգամ հիմնավորում չներկայացրեց՝ ինչն անում է միշտ, երբ ինչ-որ հարց է ներկայացնում: Բայց եթե նույնիսկ դա անօրինական լինի՝ դրանից ոչինչ չի փոխվում: Գործող իշխանությունն ութուկես տարում այնքան ապօրինություններ է թույլ տվել, որ մեկն ավել կամ պակաս ոչինչ չի փոխում:

Ինչևիցե, կուսակրոնության խախտման հարցն աստիճանաբար գնում է դեպի հանգուցալուծում: ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելը դրա ինստիտուցիոնալ փուլն է: Իսկ դրա հաջողության դեպքում Վեհափառի դեմ նախաձեռնված պատերազմում Նիկոլի հաղթանակը մեխանիկորեն հաղթանակ է նշանակելու ընդդիմության նկատմամբ: Նույնիսկ կարող է գալ մի պահ, որ Վեհափառն ինքը որոշի հրաժարական ներկայացնել: Հաշվի առնելով, որ Արևմուտքից միայն մտահոգություն են հայտնում, բայց գործնական քայլեր չեն անում և չեն անի: Գործնական քայլն, օրինակ, ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին խստորեն զգուշացնելը կլիներ: Ինչը չէր կարող անտեսվել վերջինիս կողմից:

Իսկ Վեհափառ Հայրապետի և ընդդիմության նկատմամբ հաղթանակի ազդեցությունը, որքան էլ այն լինի ապօրինի, հսկայական ազդեցություն կունենա: Հատկապես, բնականաբար, անգրագետ ու հայրենիքի զգացողությունից զուրկ բիոզնգվածի վրա: Բայց միաժամանակ և մեզ նմանների վրա՝ մարդկանց գցելով ավելի մեծ ապատիայի մեջ, քան դա առկա է այսօր: Ու այդ պատճառով հարցի հանգուցալուծման պասիվ սպասելը կլիներ ամենամեծ սխալը: Ի դեպ, բանիմաց մարդկանց կողմից Ֆեյսբուքում առաջարկվել է որդեգրել ոչ թե պասիվ պաշտպանության, այլ դատական հարձակման ուղին: Որովհետև պասիվ պաշտպանությունը սովորաբար չի հասցնում հաղթանակի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *