
Ազգային ժողովում երեկ խաթարվեց փխրուն հավասարակշռությունը` հենց նիստի ժամանակ փոխադարձ մեղադրանքներ, գոռգոռոցներ, քաշքշուկ…: Նախ, նիստի բացման խոսքում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը չափն անցավ` վիրավորական արտահայտություններ անելով, ապա «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ լարվեց իրավիճակը, քանի որ նա հայտարարեց, թե Ռուբինյանը պետական միջոցներն է վատնել, եւ կոչ արեց պատգամավորներին` պարգեւավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։ Նրա ելույթի կեսից Ռուբինյանն անջատեց խոսափողը, ապա ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները սկսեցին իրար վիրավորել ու քաշքշել: ԱԺ նիստերի դահլիճ մտան անվտանգության աշխատակիցները:
Իսկ Ազգային ժողովի երեկվա օրակարգում Հայ առաքելական եկեղեցում իբրեւ թե ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելուն միտված քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցն էր: Ընդդիմադիրները փորձում էին կանխել այդ հանձնաժողովի ստեղծումը եւ խոսում էին Շաքիի դեպքի մասին, երբ զինված ադրբեջանցին հատել էր պետական սահմանը, 16 կիլոմետր քայլել, մտել հայկական գյուղ, պատանդ վերցրել անչափահաս երեխաներին եւ նրանց աչքի առաջ կրակել նրանց մոր վրա, որն այժմ գտնվում է բժշկական կենտրոնում` ծանր վիճակում: Բժիշկները պայքարում են նրա ոտքը փրկելու համար:
ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը շարունակ ընդհատում էր ընդդիմադիրների ելույթները` պահանջելով խոսել օրակարգային հարցից, եւ անգամ անջատում էր խոսափողը՝ հայտարարելով, թե ելույթը չի վերաբերում օրակարգին: ՔՊ-ական նախկին պատգամավոր, ՄԱՍ կուսակցության փոխնախագահ Հակոբ Ասլանյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով պառլամենտում երեկ կատարվածին, արձագանքեց. «Հասարակությանը հիմնական հարցերից այս ձեւով շեղում են: ՔՊ-ի համար դա սովորական քաղաքականություն է, այսինքն` Փաշինյանի: Հասարակության միտքն այլ տեղ են տանում, որպեսզի հասարակությունը խոսի իրենց արարքների մասին, այլ ոչ թե կարեւորագույն խնդիրների: Հայաստանի սուվերենության հեղինակությանը մեծագույն հարված է հասցվել, սակայն Հայաստանը որեւէ կերպ չի պատասխանել այդ ամենին: Այդ քաղաքականությունը նոր չէ ՔՊ-ում: Իշխանությունների քաղաքականության հիմնական մասը կազմված է այդ մանիպուլյացիաներից: Մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչն ինչոց է, գիտեն, որ այսպես էլ լինելու է: Փաշինյանը կարողանում է այնպիսի իրավիճակներ ստեղծել, որ հասարակության հիմնական ուշադրությունը շեղվի կարեւոր հարցերից»:
– Իշխանություններն ի՞նչ կարող էին ասել եւ անել այս պարագայում, մանավանդ` Ադրբեջանին ուղղված:
– Ես նկատի ունեմ, որ գոնե ժողովրդին պատասխան տան, հաշվետու լինեն, սակայն նրանք ժողովրդին չեն ցանկանում հաշվետու լինել, այդ պատճառով էլ սադրանքների միջոցով շեղում են մարդկանց: Իշխանական ֆրակցիան հրահրողի դերում է: Ամեն րոպե սադրում են, իսկ նպատակը՝ արդեն ասացի` մարդկանց շեղելն է հիմնական ու կարեւոր երեւույթներից:
– Երբ Դուք պատգամավոր էիք, ՔՊ խմբակցության անդամ, խմբակցության ներսում լինո՞ւմ էին խոսակցություններ, թե ով եւ ինչպես պետք է սադրի, հրահրի:
– Եթե ես հիմա ասեմ՝ այո, ճիշտ չի հնչի, եթե ասեմ` ոչ, դա էլ կլինի սխալ:
– Իսկ իրականությունը ո՞րն է:
– Իրականությունը ե՛ւ այո-ն է, ե՛ւ ոչ-ը:
– Տպավորություն է, որ ՔՊ-ականներն անվերջ փորձում են սադրել, որ իրենց շեֆին դուր գան:
– Այո, շատ ճիշտ եք: Ոչ թե պատգամավորներն են ուզում սադրել, այլ իրենց շեֆն է դա ուզում: Իսկ իրենք հրաշալի կռահում են իրենց շեֆի ցանկությունները: Դա մտածված, հատուկ քաղաքականություն է:
– Ձեր եւ Հովիկ Աղազարյանի գրանցած ՄԱՍ կուսակցության անունից նշել էիք, որ ադրբեջանցուն դանակահարած սյունեցի կնոջը` Անի Ավետիսյանին, պետք է հերոսի կոչում շնորհել:
– Այո, այն, ինչ արել է այդ կինը, հերոսություն է: ՄԱՍԿ վարչությունը եւս այդպես է կարծում: Նա հերոսական քայլ է արել եւ ուսանելի: Ադրբեջանցուն պետք է ցույց տալ, որ մեր երկրի հայրենասեր զանգվածը գնահատում է այդ կնոջ արարքը: Նրա արարքը անձնվիրաբար արարք է: Նա, իր անձը մոռացած, փրկել է ամբողջ Հայաստանին, ոչ թե միայն իր երեխաներին: Նա պատասխանել է դիվերսանտին, որին իշխանությունն այդպես էլ չի ցանկանում դիվերսանտ կոչել: ՀՀ քրեական օրենսգրքում պարզ գրված է, որ ՀՀ սահմանն ապօրինի հատող անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Ով ուզում է լինի, բայց այս իշխանությունը չի ցանկանում, որ այդ արարքը դիվերսիա որակվի: Ի վերջո` դիվերսիա՞ է, թե՞ դիվերսիա չէ, այդ մարդն ապօրինի հատել է մեր պետական սահմանը եւ երեք օր Հայաստանում է գտնվել: Ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ՊՆ-ն, ո՛չ ՆԳՆ-ն չեն կարողացել այնպես աշխատեցնել իրենց ունեցած մեխանիզմները, որպեսզի կանխեն այդ հանցագործի արարքը: Գուցե ոչ թե մեկ, այլ մի քանի ադրբեջանցի է Հայաստան մտել, գուցե այլ վնասներ էլ տան: Դուք պետությո՞ւն եք, թե՞ բեսեդկայի հավաքածու:
– Ավելին` անգամ իշխանական որոշ շրջանակներ հայ կնոջը մեղադրում են, ասում են` խեղճ ադրբեջանցին ի՞նչ է արել, ընդամենը կոմպոտ է խմել եւ փլավ է կերել:
– Իյա, էդ «խեղճ» դիվերսանտին ո՞նց է համարձակվել դանակահարել հայ կինը: Ուրեմն ադրբեջանցին ուրիշ տեղ չուներ գնալու, պիտի գար Հայաստանում փլավ ուտեր եւ կոմպոտ խմեր: Ձե՞ռ են առնում իրենց: Էդ արդարացնողներին միայն մի բան կասեմ` եթե ձեր հարեւաններից մեկը, առանց ձեր թողտվության, մտնի ձեր տուն, ձեր սառնարանը բացի, ինչ ուզենա, անի ձեր կնոջն ու ձեր աղջկան, ձեր մորը… ի՞նչ կանեք: Կասեք` դե հարեւան է, էլի՞: Այ քեզ խելագարություն: