
Մեր Ազգային հավաքականի վերջին խաղաշարը նորից խոր հիասթափեցրեց բազմահազար հայ ֆուտբոլասերներին։ Անցկացրած 4 խաղից հետո մեր ընտրանին իր 4 թիմանոց ենթախմբում հանգրվանել է 3 րդ տեղում։ Դե ինչ, ողջունելի է, մենք եռյակում ենք։ Իսկ ավելի լուրջ՝ սա, մեղմ ասած, խայտառակություն է։ Հանուն արդարության պետք է նշել, որ մենք արդեն կարծես թե ընտելացել ենք նմանատիպ խայտառակություններին, բժշկական տերմինոլոգիայով ասած իմունիտետ ենք ձեռք բերել։ Այս ամենի մեջ սակայն կա մի մեծ բայց, այնուամենայնիվ, մինչև ե՞րբ պիտի շարունակվի այս վիճակը, մինչև ե՞րբ հայկական ֆուտբոլային աշխարհը պիտի հանդուրժի բռնի իր վզին փաթաթված այս թափթփուկներին, մինչև ե՞րբ պիտի հանդուրժի տարատեսակ մանիպուլյատիվ ելույթներով ու հարցազրույցներով իրեն խաբել փորձող ֆուտբոլային տարբեր տրամաչափի չինովնիկներին։ Այդպիսի հարցազրույցներից մեկը եթեր հեռարձակվեց օրերս Հանրայինի եթերով։ Չեմ ցանկանում անդրադառնալ այդ մոլորեցնող ու սին խոստումներով լեցուն հարցազրույցին ամբողջությամբ, սակայն մի քանի դրվագի չեմ կարող չանդրադառնալ։ Հանրայինի եթերում իր մտքի գոհարներով «փայլում» էր մեր Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, հայրենասիրության մաստեր֊կլասս էր անցկացնում, բարձրագոչ ու վեհ գաղափարներից էր խոսում։ Մի ասող լինի. Թե այդքան հայրենասեր ես, բա հրաժարվի մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող աշխատավարձիցդ` հանուն հայկական ֆուտբոլի, Հայաստանում ոչ ցոփ ու շվայտ կյանք վարելու մի գումար ստացիր, իսկ տնտեսածն ուղղիր ֆուտբոլի մարզադպրոցների զարգացմանը։
Հարցազրույցում ականջ էր մաշում «ժամանակ է պետք» արտահայտությունը, մոտավորապես` «արա, դե թողեք աշխատեն» ոճով, այստեղ հետաքրքիր հարց է առաջանում՝ իսկ ո՞ր մարզիչին ժամանակ պետք չէր՝ Պետրակովի՞ն, Վան Տ Սխիպի՞ն, Կապարոսի՞ն։ Իսկ ամենազազրելին, ըստ իս, երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանին վերաբերող հատվածն էր։ Կուզենամ մի խորհուրդ տալ հավաքականի մարզիչին՝ մի արա այն, ինչ անում ես, քո անձնական ամբիցիաներին հագուրդ մի տուր երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստների ճակատագրերի հաշվին, մի փորձիր նմանվել նախկինի «քանի ես կամ»֊ին, դու չես կարող ուսերիդ վրա այդչափ ծանրություն տանել, կսայթաքես ու շատ ցավոտ կլինի, իջիր քո «Ես»֊ի բլրի բարձրությունից, հնարավորին շուտ դարձիր «Մենք»։ Շաղոյանին վերաբերող անցուդարձի մասին կասեմ, իրոք Շաղոյանի խաղը չստացվեց այդ օրը, և ի՞նչ, բոլորի սխալները ներվում են, նրանը՝ ո՞չ, ի~նչ սուբյեկտիվ մոտեցում, այդպես հավաքականում կկորցնեք տաղանդավոր ֆուտբոլիստ ու կնվնվաք, թե ունենք կադրերի խիստ պակաս, տեր կանգնեք ձեր եղածին։ Որպես նախկին ֆուտբոլիստ, իմ աջակցությունն եմ հայտնում Ժիրայրին ու լիահույս եմ, որ նա դեռ բարձր ձայնով կխոսի իր մասին։ Ցանկացած խելամիտ մարզիչ երազում է իր ձեռքի տակ ունենալ այդպիսի արագությունով ու տեխնիկայով օժտված ֆուտբոլիստ, ինչպիսին Շաղոյանն է։ Որպես նախկին ֆուտբոլիստ կասեմ՝ մարզիչը կարող է ֆուտբոլիստին չհրավիրել հավաքական, կարող է չներկայացնել հայտացուցակում, կարող է շատ այլ ադմինիստրատիվ մեթոդներ կիրառել, բայց կայանալ երիտասարդ ֆուտբոլիստի հաշվին, իրավունք չունի և տվյալ դեպքում պարտավոր է հայցել, առնվազն, ֆուտբոլի երկրպագուների ներողամտությունը։ Հիմա, առավել քան երբևէ, համոզված եմ, հայկական ֆուտբոլը փրկության ճիչ է արձակում բոլորիս, եկեք փրկենք հայկական ֆուտբոլը այսօրվա չինովնիկներից։
«Արարատի» նախկին անվանի ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյան