Հայաստանում սոցիալական փաթեթի ծրագիրը հասնում է իր ավարտին: ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2027 թվականի հունվարի 1-ից ծրագիրը վերջնականապես կդադարեցվի բոլոր շահառուների, այդ թվում՝ զինծառայողների համար: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատանքային իրավունքի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Հարությունյանը պարզաբանեց, որ որոշումը պայմանավորված է պետական այլ, ավելի ընդգրկուն ծրագրերի ներդրմամբ:
«Սոցփաթեթի ծրագիրը վերաբերում էր պետական համակարգի բոլոր աշխատակիցներին՝ անկախ նրանց աշխատավարձի չափից: Այն նախատեսված չէր հատուկ խոցելի խմբերի համար: Քանի որ նույն ծառայություններն ու երաշխիքներն այժմ քաղաքացիներին են հասնում զուգահեռ գործող պետական ծրագրերով, ծրագրի դադարեցումը չի նշանակում, թե քաղաքացիները տուժելու են»,- ընդգծեց Հարությունյանը:
Որպես հիմնական փոխարինող համակարգ է դիտարկվում առողջության համընդհանուր ապահովագրությունը, որը մեկնարկել է 2026 թվականի հունվարի 1-ից: Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանի փոխանցմամբ՝ 2027-ի հունվարից համակարգում կընդգրկվեն բոլոր աշխատող քաղաքացիները, այդ թվում՝ սոցփաթեթի նախկին շահառուները:
Պետությունը նաև սոցիալական աջակցության մեխանիզմ է քննարկում. նախատեսվում է, որ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող պետական աշխատողների համար առողջության ապահովագրավճարի 10 800 դրամից 8800 դրամը կփոխհատուցվի պետբյուջեից: Բացի այդ, 2029 թվականից կներդրվի պարտադիր ամենամյա նախնական բուժզննության բաղադրիչը, որը կանխարգելիչ բժշկության կարևորագույն հենսյուներից է դառնալու:
Սոցփաթեթի շահառուների զգալի մասը կրթության ոլորտի ներկայացուցիչներն են: ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանի խոսքով՝ պետությունն ուսուցիչների համար առաջնահերթ է համարում մասնագիտական զարգացումն ու դրա հիմքով աշխատավարձերի բարձրացումը:
Այսօր կամավոր ատեստավորման արդյունքում շուրջ 9500 ուսուցիչ արդեն ստանում է բարձրացված դրույքաչափ և հավելավճար: Նախատեսվում է ատեստավորված ուսուցիչների համար սահմանված 200 հազար դրամ դրույքաչափը հասցնել 300 հազարի: Միաժամանակ, մշակման փուլում է «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որը սոցիալական նոր արտոնություններ կսահմանի մանկավարժների համար:
Այս պահին սոցփաթեթի ծրագրից օգտվում է շուրջ 130 հազար քաղաքացի: Հավաքագրված և չօգտագործված գումարները պահպանվելու են:
- Միջոցները կանխիկացնել կարող են կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները (սոցվճար կատարողները), ինչպես նաև կենսաթոշակառուները, եթե աշխատանքից ազատվելուց հետո 3 ամիս շարունակ հաշվին մուտքեր չեն գրանցվել:
- Մյուս քաղաքացիները կուտակված միջոցները կարող են ուղղել Կառավարության սահմանած ավանդական ուղղություններին՝ հանգստի կազմակերպմանը, ատամնաբուժական ծառայություններին, ուսման վճարին, ուսանողական կամ հիփոթեքային վարկերի մարմանը: