«Զմրուխտե կամուրջ» ծրագրի տարածաշրջանային աշխատաժողովում ներկայացվել են COP17-ին քննարկելիք գլոբալ վերանայման նախագծի մանրամասները, օրակարգը

«Զմրուխտե կամուրջ» ծրագրի տարածաշրջանային աշխատաժողովում ներկայացվել են COP17-ին քննարկելիք գլոբալ վերանայման նախագծի մանրամասները, օրակարգը

Սեպտեմբերի 28-ին առցանց ձևաչափով անցկացվեց «Զմրուխտե կամուրջ․ միջտարածաշրջանային կանաչ սիներգիայի ամրապնդում» («The Emerald Bridge: Strengthening Trans-Regional Green Synergy») ծրագրի տարածաշրջանային մեկնարկային աշխատաժողովը։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին ծրագրի նպատակներն ու ակնկալվող արդյունքները, աշխատանքային խմբի առաջնահերթություններն ու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովից (COP17) ակնկալիքները, ինչպես նաև COP 17-ի օրակարգը, կողմնակի միջոցառումները, Հայաստանի ՀԿ-ների նախապատրաստական աշխատանքները և Կունմին Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի գլոբալ վերանայման նախագծի մանրամասները։

COP17-ին վերաբերող քննարկմանը մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի ներկայացուցիչները։

«Զմրուխտե կամուրջ» ծրագրի նպատակը և հիմնական ուղղությունները

«Բլեջան» բնապահպանական, սոցիալական և բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Լիանա Ասոյանը ներկայացրեց «The Emerald Bridge» («Զմրուխտե կամուրջ») ծրագրի նպատակներն ու հիմնական գործողությունները։

Ծրագիրն իրականացվում է «ԲԼԵՋԱՆ» էկոլոգիական, սոցիալական և բիզնեսի աջակցության ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության և ԱՄՆ Մարշալի գերմանական հիմնադրամի «Տրանսատլանտյան հիմնադրամի» (GMF TF) ֆինանսական աջակցությամբ՝ Վրաստանի «Սերունդների երկխոսություն» հետազոտական-ինտելեկտուալ ակումբ (RICDOG) և Մոլդովայի «Տերա-1530» ՀԿ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

«ԲԼԵՋԱՆ» էկոլոգիական, սոցիալական և բիզնեսի աջակցության ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանի խոսքով՝ երեք երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բնապահպանության, կենսաբազմազանության, կայուն էներգետիկայի, կլիմայի և հանրային մասնակցության ոլորտներում ունեն արժեքավոր փորձ ու գիտելիք, սակայն այդ փորձի փոխանակման և անդրսահմանային համագործակցության համար անհրաժեշտ են ավելի կայուն ու կառուցվածքային մեխանիզմներ։ Այս բացը լրացնելու նպատակով էլ մշակվել է «Զմրուխտե կամուրջ» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է՝ ձևավորել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև շարունակական տարածաշրջանային համագործակցության մեխանիզմ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում են` առցանց թեմատիկ հանդիպումներ, երեք երկրների լավագույն փորձի և գործնական գործիքների փոխանակում, անդրսահմանային թեմատիկ ենթախմբերի ձևավորում և ուսումնական այցելություններ Հայաստան ու Մոլդովա։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև Հայաստանում անցկացվելիք COP17-ը։ Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան համաժողովի շրջանակում ներկայացնելու տարբեր երկրների քաղաքացիական հասարակության փորձն ու տեսակետները և քննարկելու կենսաբազմազանության պահպանությանն առնչվող ընդհանուր հարցերը։

Ծրագրի արդյունքում նախատեսվում է մշակել համատեղ քաղաքականության փաստաթուղթ (policy brief)՝ գործնական առաջարկություններով, որը կարտահայտի երեք երկրների քաղաքացիական հասարակության ընդհանուր տեսլականը և կարող է հիմք ծառայել ազգային ու տարածաշրջանային մակարդակներում հետագա գործողությունների համար։

Լիանա Ասոյանն ընդգծեց, որ ծրագրի նպատակը միայն առաջիկա ամիսների ընթացքում տեղեկատվության փոխանակումը չէ, այլ երեք երկրների քաղաքացիական հասարակությունների միջև այնպիսի համագործակցության ձևավորումը, որը կշարունակվի նաև ծրագրի ավարտից հետո։

Այնուհետ ելույթներով հանդես եկան Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 3-րդ աշխատանքային խմբերի ղեկավարները՝ ներկայացնելով իրենց երկրների առաջնահերթություններն ու COP17-ի հետ կապված ակնկալիքները։

Հայաստանում անցկացվելիք COP17-ի մասին  զեկուցմամբ հանդես եկավ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։

COP17-ը՝ կենսաբազմազանության վերաբերյալ գլոբալ որոշումների հարթակ

Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ COP-ի աշխատանքներին առաջարկություններ են տրամադրում Կոնվենցիայի օժանդակ մարմինները, այդ թվում՝ Իրականացման հարցերով օժանդակ մարմինը (SBI), Գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմինը (SBSTTA), ինչպես նաև Կոնվենցիայի 8(j) հոդվածի և բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների վերաբերյալ այլ դրույթների օժանդակ մարմինը։

Երևանում COP17-ի պաշտոնական և դիվանագիտական բանակցային հիմնական տարածքը լինելու է «Կապույտ գոտին»՝ Մերիդիան Էքսպո կենտրոնում։ «Կանաչ գոտին» նախատեսված է քաղաքացիական հասարակության, համայնքների, գիտակրթական կազմակերպությունների և բիզնեսի մոբիլիզացման համար և տեղակայվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

COP17-ի օրակարգը

Վիկտորյա Բուռնազյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 15-16-ին նախատեսվում են Հայաստանի կառավարության կողմից հյուրընկալվող Ղեկավարների գագաթնաժողով, խոշոր շահագրգիռ խմբերի համար նախատեսված ֆորումներ, կողմնակի միջոցառումներ և աշխատաժողովներ։ Հոկտեմբերի 18-ին նախատեսված է բացման արարողությունը, իսկ հոկտեմբերի 19-30-ը՝ COP17-ի բուն աշխատանքները։ Հոկտեմբերի 27-28-ին նախատեսված է նախարարական բարձր մակարդակի հատվածը։

COP17-ի ընթացքում նախատեսված են նաև յոթ զուգահեռ միջոցառումներ՝ Բիզնեսի և կենսաբազմազանության գագաթնաժողովը, Բնության և մշակույթի գագաթնաժողովը, Երիտասարդական գագաթնաժողովը, Գիտության գագաթնաժողովը, Քաղաքների գագաթնաժողովը, Կանանց ֆորումը և Ֆինանսների օրը։

Առանձին թեմատիկ օրեր են նախատեսված ինվազիվ տեսակների, ջրի և կենսաբազմազանության, օվկիանոսի, 30×30 թիրախի, փոխակերպող փոփոխությունների, լեռնային էկոհամակարգերի, կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի, կրթության, գյուղատնտեսության ու պարենային համակարգերի և էկոհամակարգերի վերականգնման թեմաներով։

COP17-ի չորս հիմնական առաջնահերթությունները

Վիկտորյա Բուռնազյանն իր ելությում առանձնացրեց COP17-ի չորս հիմնական առաջնահերթությունները՝

  1. Գլոբալ վերանայում՝ իրականացման առաջընթաց և հաշվետվողականություն։
  2. Ֆինանսներ և թվային գենետիկական հաջորդականության տվյալներ՝ ֆինանսավորում, Կալի հիմնադրամ (Cali Fund) և օգուտների բաշխում։
  3. Մասնակիցներ՝ բնիկ ժողովուրդներ, համայնքներ և շահառուներ։
  4. Սիներգիա՝ կենսաբազմազանություն, կլիմա, հողեր և ջուր։

Ըստ նրա՝ COP17-ում քննարկվելիք նախագծերից առանցքային է Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջին Գլոբալ վերանայումը։ Երկրները պետք է վերանայեն կենսաբազմազանության պահպանմանն ու կայուն օգտագործմանն ուղղված իրենց գործողությունները՝ գնահատելու առաջընթացը, բացահայտելու բացերն ու գնահատելու իրականացվող քայլերի արդյունավետությունը։

30×30 թիրախը և գլոբալ վերանայումը

Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակն ուղղված է կենսաբազմազանության կորստի կանգնեցնելուն և վերականգնելուն։ Շրջանակը նախատեսում է մինչև 2030 թվականը հասնել Երկրի ցամաքի, քաղցրահամ ջրերի և օվկիանոսների առնվազն 30 տոկոսի արդյունավետ պահպանմանն ու կառավարմանը։ Կոնվենցիայի յուրաքանչյուր կողմ երկիր պարտավորվում է պահպանության տակ առնել իր տարածքի 30 տոկոսը։

SBI-ի`Գլոբալ վերանայման վերաբերյալ զեկույցի համաձայն՝ ազգային զեկույց է ներկայացրել196 երկրից 129-ը։ Միևնույն ժամանակ, ցանկացած գլոբալ թիրախին առնչվող ազգային թիրախների կեսից պակասի դեպքում է արձանագրվել, որ դրանք պատշաճ ընթացքի մեջ են։ Նշվել է, որ իրականացման միջոցները շարունակում են մնալ Շրջանակի լիարժեք և արդյունավետ իրականացման համար պահանջվող մակարդակից ցածր, հատկապես զարգացող երկրների, այդ թվում՝ առավել թույլ զարգացած երկրների և փոքր կղզի-պետությունների համար։

Փաստաթղթի  համաձայն՝ բնիկ ժողովուրդների, համամայնքներ, հաշմանդամների ներկայացնող  խմբերը բախվում են սահմանափակ ռեսուրսների, տեխնիկական կարողությունների, տեղեկատվության և գիտելիքների հասանելիության, արդյունավետ մասնակցության և համակարգման մեխանիզմների հետ կապված խնդիրների։

Միևնույն ժամանակ ազգային նպատակներում ավելի քիչ են արտացոլվել տեղեկատվության և արդարադատության հասանելիության, հողերի, տարածքների, ռեսուրսների և ավանդական գիտելիքների նկատմամբ իրավունքների, ինչպես նաև շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության ու գենդերային առումով զգայուն կենսաբազմազանության կառավարման հարցերը։

Փաստաթղթի համաձայն՝  եթե չարագացվի հավաքական իրականացումը՝ միջազգային համագործակցության ընդլայնման, գործողությունների ու ջանքերի բարելավման և իրականացման միջոցների ամրապնդման միջոցով, ապա 2030 թվականի թիրախներն ու առաքելությունը չեն իրագործվի։

Փաստաթղթի համաձայն՝ իրականացման գործընթացում առկա բացերն ու մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտություն կա։ Ընգծվում է, որ եթե Շրջանակային փաստաթղթի 2030 թվականի թիրախները չիրագործվեն, ապա դրա 2050 թվականի նպատակներն ու տեսլականը կարող են վտանգվել։

Առցանց աշխատաժողովի ընթացքում Վիկտորյա Բուռնազյանը մասնակիցների հետ կիսվեց նաև Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի կողմից COP17-ին ընդառաջ ստեղծված օգտակար գործիքներով և հարթակներով՝

  • «ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին (CBD COP17) քաղաքացիական հասարակության մասնակցության» ուղեցույց,
  • «Civil Society’s Voice at CBD COP17 / Քաղաքացիական հասարակության ձայնը՝ CBD COP17-ին» ֆեսյբուքյան հարթակ։

Հոկտեմբեր 07, 2026 at 16:56

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *