32-ամյա հայ միգրանտը Հունաստանում դատապարտվել է ցմահ ազատազրկման

Դոդեկանեսի քրեական գործերով վերաքննիչ դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 32-ամյա հայի։ Դատավճռի համար հիմք է հանդիսացել Հռոդոս կղզու մոտ արագընթաց նավակի կործանումը, ինչի հետևանքով 2 հոգի զոհվել է՝ 10-ամյա տղա և 21-ամյա պաղեստինցի․ գրում է protothema.gr-ը։

32-ամյա տղամարդուն նաև դատապարտել են 9 ամսվա ազատազրկման և 2 400 500 եվրո տուգանքի:

Մյուս երկու մեղադրյալները՝ Աթենքի 31-ամյա քաղաքացին և 34-ամյա հայը, դատապարտվել են 9 ամսվա ազատազրկման՝ 3 տարի պայմանական ժամկետով։

Արագընթաց նավը 2025 թվականի հոկտեմբերի 13-ի երեկոյան Թուրքիայի Մարմարիս քաղաքից դուրս է եկել 21 ուղևորով։ Մոտավորապես 00:20-ին Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը ֆիքսել է նրա շարժը Հռոդոս կղզու ուղղությամբ։ Պարեկային նավը վարողի ցուցմունքի համաձայն՝ նավավարն անտեսել է ձայնային և լուսային ազդանշանները, մեծացրել արագությունն ու կատարել վտանգավոր մանևրներ։ Նավը շրջվել է, և բոլոր ուղևորները հայտնվել են ծովում՝ առանց փրկարար բաճկոնների։ Նրանց ցուցմունքների համաձայն՝ փրկվել է 16 ապօրինի ներգաղթյալ՝ Սոմալիի, Քուվեյթի և Պաղեստինի քաղաքացիներ, ինչպես նաև 3 անձ, որոնք ձերբակալվել են որպես մարդկանց մաքսանենգությամբ զբաղվողներ։ Քիչ անց նրանցից երկուսը տեղափոխվել են համապատասխան հետազոտության, իսկ դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նրանք եղել են հարբած։

Տուժածներից 4-ը հայտնել են, որ մարդկանց անօրինական տեղափոխությամբ զբաղվողներին հիմնականում գտել են սոցիալական ցանցերի միջոցով և նրանցից յուրաքանչյուրը վճարել է 3500-4300 եվրո։ Նրանք պատմել են երեք «նավապետի» մասին, որոնցից երկուսը հերթափոխով վարել են նավը, իսկ երրորդը նավիգացիոն ցուցումներ է տվել երթուղու վերաբերյալ։

32-ամյա տղամարդը, ըստ տեղեկությունների, նախաքննության ընթացքում ընդունել է, որ ինքն է վարել նավը, և նշել է, որ երեքն էլ հերթով ղեկավարել են այն։ Նա պնդել է, որ Թուրքիայում գործող մի միջնորդի անունից համաձայնել է իրականացնել տեղափոխումը՝ առանց վճարի, փոխարենը՝ Հունաստան անվճար հասնելու պայմանով։ Նա նաև պնդել է, որ առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները կրակել են օդ, ինչի հետևանքով ինքը կարծել է, թե իրենց վրա հարձակվում են, և որ պարեկային նավը բախվել է արագընթաց նավակին։ Սակայն պարեկային նավը վարողի զեկույցում նավի շրջվելը վերագրվում է նավավարի կատարած մանևրներին, և բախման մասին որևէ հիշատակում չկա։

31-ամյա և 34-ամյա տղամարդիկ ի սկզբանե պնդել են, որ իրենք ուղևորներ են եղել, և որ յուրաքանչյուրը 4000 եվրո է վճարել Եվրոպա հասնելու համար, ըստ նրանց՝ նավը վարել է միայն 32-ամյա տղամարդը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *