Լայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Հայաստան


Լայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունը Լայպցիգի մշակույթի հարցերով փոխքաղաքապետ Սկադի Յենիկեի գլխավորությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ:

Պատվիրակությանը դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Այցի սկզբում նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այնուհետև Հրաչյա Թաշչյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որտեղ ներկայացվեց գերմանացի գործիչներ Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեությունը:

Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրագործման ընթացքին, հայ ժողովրդի կրած մարդկային և մշակութային կորուստներին, ինչպես նաև պատմական հիշողության պահպանմանն ուղղված աշխատանքներին։ Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավար Սկադի Յենիկեին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *