Ֆրանսիայում շարունակվում են ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաները։ Նախօրեին երկրում տեղի ունեցած ցույցերին միացել են աշակերտների ծնողները, ինչպես նաեւ որոշ ուսանողներ եւ ուսուցիչներ։ Կազմակերպիչների տվյալներով՝ բողոքի ակցիաներին մասնակցել է 450 հազար մարդ, իսկ Փարիզում փողոց է դուրս եկել 100 հազարը։ ՆԳՆ-ի գնահատմամբ՝ բողոքի ակցիաներին մասնակցել է 256 հազար մարդ, որից 56 հազարը՝ մայրաքաղաքում, հայտնում է Ֆրանսիական միջազգային ռադիոն՝ RFI-ն։
Որոշ քաղաքներում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ։ Հաղորդվում է 488 ձերբակալվածի, ինչպես նաեւ իրավապահ մարմինների 43 տուժած աշխատակցի մասին։ Ընդհանուր առմամբ, ՆԳՆ-ի տվյալներով, սեպտեմբերի 28-ին ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է 6547 մարդ։
Ազգային ժողովում Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է, որ մինչեւ շաբաթվա վերջ լիցեյներում դասերը դադարեցվում են «ներքին ժողովրդավարության ժամանակ» աշակերտների հետ քննարկումներ անցկացնելու համար։
Վարչապետը մեկնաբանել է նաեւ բողոքի ակցիաների ընթացքում իրավապահների կողմից բռնության հարցը։ «Մենք չենք կարող բռնության նկատմամբ հանդուրժողականության համար տարածք թողնել»,- հայտարարել է Լեկորնյուն։
«Նորմալ գործող ժողովրդավարության պայմաններում գոյություն ունի յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ անչափահասների անձնական պատասխանատվությունը»,- ասել է նա։
Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել էր, որ իրավապահ մարմինները ավագ դպրոցի աշակերտների շարժման մեկնարկից ի վեր գործում են «առավելագույն համաչափությամբ»։