Երիտասարդների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում․ GYBN-ը պատմություններ է հավաքում

Երիտասարդների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում․ GYBN-ը պատմություններ է հավաքում

Կենսաբազմազանության երիտասարդական գլոբալ ցանցը/Global Youth Biodiversity Network-ը (GYBN) երիտասարդներին հրավիրում է ներկայացնելու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված իրենց նախաձեռնություններն ու գործողությունները։ Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP17) ընդառաջ, որը 2026թ. հոկտեմբերի 19-30-ին կանցկացվի Երևանում։

GYBN-ն իր հայտարարության մեջ նշում է, որ երիտասարդներն արդեն կարևոր դեր են կատարում կենսաբազմազանության պահպանության տարբեր ուղղություններով՝ մասնակցում են քաղաքացիական գիտության ծրագրերի և դաշտային հետազոտությունների, կազմակերպում են իրազեկման միջոցառումներ, պաշտպանում փոքր էկոհամակարգերը, նպաստում փոշոտող միջատների պահպանությանը, բարձրաձայնում բնապահպանական խնդիրները և կոչ անում կառավարություններին ավելի արագ ու արդյունավետ գործողություններ իրականացնել։

Նախաձեռնության շրջանակում երիտասարդներին առաջարկվում է պատմել իրենց իրականացրած գործողությունների մասին՝ անկախ դրանց մասշտաբից։ Կարևոր չէ՝ նախաձեռնությունն իրականացվել է դպրոցի բակում, համայնքում կամ ավելի լայն տարածքում, առկա միջավայրում, թե առցանց տարբերակով։

Հավաքված պատմությունները նախատեսվում է օգտագործել հանրային հաղորդակցության արշավում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում և կայքերում, ինչպես նաև պատրաստվող զեկույցում, որը կներկայացվի կառավարություններին, գործընկերներին և այլ շահագրգիռ կողմերի։ Երիտասարդների նախաձեռնությունների օրինակները նախատեսվում է ներկայացնել նաև COP17-ի շրջանակում՝ հանդիպումների, երիտասարդական տաղավարի և այլ միջոցառումների ընթացքում։

Ովքե՞ր կարող են մասնակցել

Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողություններ իրականացնող երիտասարդները կարող են ներկայացնել իրենց պատմությունը՝ անկախ նախաձեռնության տեսակից կամ մասշտաբից։

Հայտը լրացնելու համար՝ սեղմել։

GYBN-ը երիտասարդական կազմակերպությունների և անհատների միջազգային ցանց է, որի նպատակն է կանխել կենսաբազմազանության կորուստը և պահպանել Երկրի բնական ռեսուրսները։ Կազմակերպությունը հանդիսանում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում երիտասարդների պաշտոնապես ճանաչված հարթակը։

Հոկտեմբեր 08, 2026 at 13:02

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *