ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն» փոխագրով միջազգային 3-րդ գիտաժողովը

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը: Միջոցառումը կազմակերպվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (Regional Science Academy) համագործակցության շրջանակում: Գիտաժողովը անցկացվում է Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախաշեմին՝ տարածաշրջանում շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի նկատմամբ միջազգային ուշադրության աճի պայմաններում: ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանն ընդգծեց, որ նման միջազգային գիտական նախաձեռնությունները համահունչ են համալսարանի՝ հետազոտական ուղղությունն ամրապնդելու տեսլականին։

Անդրադառնալով գիտաժողովի նշանակությանն ու ձևաչափին՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանն ընդգծեց, որ 2024 թվականից ֆակուլտետի նպատակն է Երևանը դարձնել գիտնականների և մասնագետների պարբերական հանդիպման հարթակ։ «Մեր նպատակը պարզապես ամենամյա գիտաժողով կազմակերպելը չէ։ Մենք ձգտում ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ձևավորելու միջազգային գիտական համագործակցության հարթակ, որտեղ տարբեր երկրների և գիտակարգերի ներկայացուցիչները կարող են փոխանակել գիտելիք և փորձ, նախաձեռնել նոր հետազոտություններ ու համատեղ նախագծեր»,- նշեց Կառլեն Խաչատրյանը։

Ելույթներով հանդես եկան ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի փոխնախագահ Պիտեր Նայկամպը, «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Կարեն Զաքարյանը և ԱՄՆ Քորնելի համալսարանի դոցենտ Ջոն Քարութերսը: Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 60 գիտնականներ և հետազոտողներ աշխարհի ավելի քան 24 երկրներից՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից, Մարոկկոյից, Թայվանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Հնդկաստանից և այլ երկրներից։ Գիտաժողովի ընթացքում անցանց և առցանց ձևաչափով ներկայացվում են զեկուցումներ թեմատիկ հինգ բաժանմունքներում:

Գիտաժողովի ծրագրում ընդգրկված են մոտ 150 հայ և արտասահմանցի գիտնականների ու հետազոտողների զեկուցումներ։ Նրանք ներկայացնում են 50 համալսարան և հետազոտական կենտրոն։ Գլխավոր խոսնակների թվում են Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանը (2008, ԱՄՆ), Նիդեռլանդների բաց համալսարանի պրոֆեսոր, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) փոխնախագահ, համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն 30 տնտեսագետներից Պիտեր Նայկամպը (2018), Նիդեռլանդների համալսարանների ասոցիացիայի նախագահ և Գրոնինգենի համալսարանի հանրային կառավարման պրոֆեսոր Կասպար վան դեն Բերգը, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) գործադիր տնօրեն Կարիմա Կուրտիտը (Նիդեռլանդներ): Գիտաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը։

Նշենք, որ միջոցառման կազմակերպմանը մեծապես աջակցելու համար շնորհակալագրեր ստացան գիտաժողովի հովանավոր «Էվոկաբանկ» ԲԲԸ-ն և գործընկեր կառույցները՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն, Վիեննայի բնական ռեսուրսների և կենսագիտությունների համալսարանը (BOKU), Ավստրիայի կրթության և միջազգայնացման գործակալությունը (OeAD), «APPEAR» բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերության ծրագիրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *