Հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման, ինչպես նաև հարկային մարմին–հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման նպատակով գործադիրն ընդունել է որոշում։
Ըստ հիմնավորման՝ օրինապահ հարկ վճարողի համակարգն առավել գրավիչ դարձնելու համար անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսգրքով, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգավորումները և նախատեսել համակարգի ներդրման համար խրախուսման լրացուցիչ գործիքակազմ, ինչպես նաև կատարելագործել ու բարելավել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները։
Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման հետևյալ նոր չափանիշներն ու կարգավորումները։
Մասնավորապես, բացառվել է ներդրումային ֆոնդերին հավաստագրի տրամադրումը, վերանայվել է թե՛ օրինապահ հարկ վճարող համարվելու, թե՛ հավաստագրի գործողության դադարեցման համար թույլ տրված իրավախախտումների արդյունքում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների սահմանաչափը՝ վերին շեմ սահմանելով 10 մլն դրամ՝ նախկին 4 մլն դրամի փոխարեն, ինչպես նաև սահմանվել է հարկ վճարողի մոտ դիտարկվող ժամանակահատվածում և դրան նախորդող հարկային երկու տարում գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասի բացակայության պահանջ։
Միաժամանակ սահմանվել են օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողի գործունեության արդյունքների եռամսյակային պարբերականությամբ մշտադիտարկումը և դրանց արդյունքներով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման կարգը։