Աստղագետները հայտնաբերել են էկզոմոլորակ, որը կարելի է անվանել «փյունիկ-մոլորակ»։ Այն ձևավորվել է աստղի կյանքի վերջին փուլում տիեզերք արտանետված նյութից և այժմ պտտվում է այդ աստղից մնացած սպիտակ թզուկի շուրջ։
Գիտնականները մոլորակը դասակարգում են որպես երկրորդ սերնդի մոլորակ։ Ի տարբերություն Երկրի և առաջին սերնդի մոլորակների, որոնք ձևավորվել են նորաստեղծ աստղերի շուրջ, այն առաջացել է մահացող աստղի մնացորդներից։
«Սա սպիտակ թզուկի շուրջ մոլորակի ձևավորման առաջին օրինակն է»,– նշել է հետազոտության գլխավոր հեղինակ, Ուորվիքի համալսարանի աստղաֆիզիկոս Ջեյմի Ուիլյամսը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Astronomy ամսագրում։
Մոլորակը գտնվում է Երկրից մոտ 250 լուսատարի հեռավորության վրա՝ Կետ համաստեղության ուղղությամբ։ Այն գազային հսկա է՝ հնարավոր է՝ փոքր-ինչ ավելի զանգվածային, քան Յուպիտերը, և սպիտակ թզուկի շուրջ պտտվում է ընդամենը 4,4 օրում։
Մոլորակը գտնվում է աստղային մնացորդին այնքան մոտ, որ սպիտակ թզուկի ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթումը գոլորշիացնում է նրա արտաքին մթնոլորտը։ Դրա մի մասը հետագայում ընկնում է սպիտակ թզուկի վրա։
Մոլորակի քիմիական բաղադրությունը՝ մասնավորապես նիոբիումի, պղնձի և ցինկի առկայությունը, նույնպես վկայում է, որ այն ձևավորվել է մահացող աստղից արտանետված նյութից։
Հետազոտության հեղինակները վերլուծել են «Հաբլ», TESS և FUSE տիեզերական աստղադիտակների տվյալները և նախատեսում են հետագայում ուսումնասիրությունը լրացնել Ջեյմս Ուեբի տիեզերական աստղադիտակի դիտարկումներով։
radar armenia