Լամին Յամալը չի կարողացել ավարտել «Սելտայի» դեմ հանդիպումը


Սպորտ


«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը չի կարողացել ավարտել իսպանական Լա Լիգայի շրջանակում կայացած «Սելտայի» դեմ հանդիպումը։

«Սպոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում կայացած խաղի 38-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն անվրեպ իրացրել է 11-մետրանոց հարվածը (կանոնները խախտել էին հենց նրա նկատմամբ), սակայն գոլի դրվագից անմիջապես հետո նստել է խոտածածկին և հասկացրել, որ չի կարող շարունակել խաղը։ Թիմակիցները մոտեցել են նրան, իսկ բուժանձնակազմի զննումից հետո հաստատվել է, որ ֆուտբոլիստը պետք է լքի խաղադաշտը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդ ֆուտբոլիստը ձախ ոտքի ազդրի հետին մկանի հատվածում ցավեր է զգացել։ Խաղադաշտը լքելուց առաջ նա կարճ զրույց է ունեցել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ՝ բացատրելով, թե որ հատվածում է ցավը։ Առաջիկա ժամերին Յամալը խորացված բուժզննում կանցնի՝ վնասվածքի բնույթն ու լրջության աստիճանը պարզելու համար։

Նշենք, որ «Սելտայի» դարպասն ուղարկած գնդակը Յամալի 24-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում և 16-րդը՝ Լա Լիգայում։

Հանսի Ֆլիկը Յամալի փոխարեն խաղադաշտ է դուրս բերել Ռունիին, սակայն փոխարինումն անմիջապես չի կատարվել։ Հանդիպումը շուրջ 18 րոպեով դադարեցվել է տրիբունայում տեղի ունեցած արտակարգ միջադեպի պատճառով. երկրպագուներից մեկի մոտ սրտի կանգ է գրանցվել, ինչի համար պահանջվել է բժիշկների հրատապ միջամտությունը։

Հավելենք նաև, որ սա կատալոնական ակումբի միակ կորուստը չէր այս խաղում. ավելի վաղ՝ հանդիպման 23-րդ րոպեին, աջ ոտքի քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով խաղադաշտը ստիպված էր եղել լքել նաև Ժոաու Կանսելուն։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *