Iravaban.net–ը ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը, որով մերժվել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների դիմումի քննությունը։ Դիմումով վիճարկվում էր Ազգային ժողովի՝ Կառավարության ծրագիրը հաստատելու մասին 2026 թվականի օգոստոսի 25-ի ԱԺՈ-3-Ն որոշման սահմանադրականությունը։
Դիմումատուները վիճարկել էին որոշումն ամբողջությամբ՝ դրա ընդունման սահմանված կարգի խախտման հիմքով, իսկ բովանդակային առումով՝ Կառավարության ծրագրի «Գլուխ 7. Հոգևոր անվտանգություն» բաժնի ներածական ձևակերպումները և 1-3-րդ կետերը։ Ըստ դիմումի՝ այդ դրույթներով պետական քաղաքականության նպատակ են սահմանվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոնական կառավարման ոլորտին վերաբերող գործողությունները, ինչը, դիմումատուների գնահատմամբ, հանգեցնում է ինչպես Եկեղեցու իրավունքների, այնպես էլ խղճի և դավանանքի ազատության խախտման։
Կառավարության ծրագրի վիճարկվող բաժնի 1-ին կետով նախատեսվում է ապահովել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը՝ հանգստի կոչումը, և սահմանված կարգով իրականացնել Կաթողիկոսական տեղապահի ընտրությունը։ 2-րդ կետով նախատեսվում է ապահովել Եկեղեցու կանոնադրության ընդունումը՝ ամրագրելով սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր։ 3-րդ կետով նախատեսվում է սահմանված կարգով ապահովել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը։
Սահմանադրական դատարանը նշել է, որ Կառավարության ծրագրի դրույթներն ինքնին չեն կարող լինել սահմանադրական վերահսկողության առարկա, քանի որ չունեն նորմատիվ բովանդակություն։ Դատարանի գնահատմամբ՝ դրանք քաղաքական հայտարարություններ են, որոնք իրավական նշանակություն են ձեռք բերում միայն հետագա իրավաստեղծ գործունեության արդյունքում։
Այս հիմքով Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին ԱԺՈ-3-Ն որոշումը նույնպես չի կարող սահմանադրական վերահսկողության առարկա լինել այնքանով, որքանով դիմումը վերաբերում է ծրագրի բովանդակային դրույթներին։
Դատարանը նաև արձանագրել է, որ դիմումը չի ապահովում սահմանադրաիրավական հարցի ըստ էության քննության համար անհրաժեշտ փաստարկվածության նվազագույն շեմը։
Արդյունքում Սահմանադրական դատարանը մերժել է դիմումի քննությունը՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով։
Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ամբողջությամբ՝ հղումով։