Հատակի երկու եզրերին բացակայում են կարմիր գծերը

Լրատվամիջոցներում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան հերթական դեպքի մասին տարածված տեղեկատվության ֆոնին ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է մամուլի հաղորդագրություն այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ N զորամաս։

Ընդգծելով, որ այցի ընթացքում Կարեն Բրուտյանն ուսումնասիրել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները, ծանոթացել ծառայության կազմակերպման ընթացքին և հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարմանը՝ ՊՆ-ն հրապարակել է վերոնշյալ այցը պատկերող լուսանկարներ։
Հրապարակված լուսանկարներից մեկն ուշադրություն է գրավում այն հանգամանքով, որ այն արվել է զորամասի շինություններից մեկի միջանցքում, որի հատակի երկու եզրերին բացակայում են կարմիր գծերը։
Զորամասերի շինությունների՝ զորանոցների միջանցքների հատակի եզրերին, որպես կանոն, պատերից որոշակի հեռավորության վրա՝ մոտ 10–15 սմ լայնությամբ, գծվում են կարմիր գծեր։

Դրանք, մասնավորապես, նպաստում են զորամասի լուսաքողարկման ժամանակահատվածում գիշերային կողմնորոշմանը, ինչպես նաև միջանցքների հատակների մաքրության ապահովմանը։ Տագնապ հայտարարվելու կամ գիշերային թույլ լուսավորության՝ «հերթապահ լուսավորության ռեժիմի» պայմաններում վառ գծերն օգնում են զինծառայողներին ավելի արագ կողմնորոշվել մթության մեջ և միջանցքով տեղաշարժվելիս խուսափել պատերին դիպչելուց։

Հ.Գ. Վերջին ժամանակահատվածում Պաշտպանության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրություններին կից տեսանյութերից և լուսանկարներից ակնհայտորեն երևում է, որ ստուգումներ իրականացնող անձանց, ինչպես նաև պաշտոնական հաղորդագրություններին կից տեսանյութերն ու լուսանկարները պատրաստող անձանց կոմպետենտությունն առնվազն կասկածելի է։

Հնարավոր է՝ պաշտոնատար անձանց ոչ կոմպետենտությունն այն հանգամանքներից մեկն է, որը նպաստում է ոչ մարտական պայմաններում զինծառայողների զոհերի թվի աճին։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

10.10.2026 թ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *