Թուրքիայում հայտնաբերվել է 3000-ամյա հսկայական ամրոց․ հնարավոր է՝ այն Ուրարտուի մայրաքաղաքն է եղել

Թուրքիայի Մուշ նահանգի Մեսիդլի գյուղի մոտ հայտնաբերվել է մոտ երեք հազար տարի առաջ կառուցված ամրոց։ Միջնաբերդի քարե պարիսպների երկարությունը հասնում է 1,4 կիլոմետրի, իսկ տարածքը կազմում է 120 հազար քառակուսի մետր, ինչը համադրելի է 17 ֆուտբոլային դաշտի մակերեսի հետ։ Այն հայտնաբերել է հնագետ Մելիք Միրբեյ Օմերօղլուն, որը արբանյակային լուսանկարներում նկատել է ամրությունների մնացորդները։ Տեղանքի ուսումնասիրությունը հաստատել է հնագետի ենթադրությունը։ Գտածոյի մասին հայտնում է Arkeonews պարբերականը։

Կառույցը թվագրվում է մ.թ.ա. IX դարով։ Հնագիտական հուշարձանի հյուսիսային հատվածում նկատելի են շինությունների հետքեր։ Համալիրի հարավային պարիսպների մոտ հայտնաբերվել է 25 մետր շառավղով կլոր կառույց։ Դրա նշանակությունը դեռևս հայտնի չէ։

Օմերօղլուն չի բացառում, որ ամրոցը կարող է լինել Արզաշկունը՝ Ուրարտուի հնագույն մայրաքաղաքը։ Արզաշկունը եղել է Արամե արքայի նստավայրը (մ.թ.ա. 860–844 թվականներ)։ Մ.թ.ա. 856 թվականին Ասորեստանի արքա Սալմանասար III-ը (մ.թ.ա. 859–824 թվականներ) ավերել է Արզաշկունը։ Դրանից հետո քաղաքի մասին տեղեկություններ չեն փոխանցվել։

Հետագա պեղումները, խեցեղենի ռադիոածխածնային հետազոտությունները պետք է օգնեն հստակեցնել կառույցի ժամանակագրությունն ու գործառույթները։ Օմերօղլուն արդեն դիմում է ներկայացրել Վանի տարածաշրջանային մշակութային ժառանգության պահպանության վարչություն՝ խնդրելով պաշտոնապես գրանցել հուշարձանը և ապահովել դրա պաշտպանությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *