
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը չի կարողանա քարտեզի վրա գտնել Վրաստանը, սակայն միջամտում է հանրապետության ներքին գործերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։
«Կայա Կալասը նույնիսկ քարտեզի վրա չի կարող գտնել Վրաստանը։ Ինչի՞ մասին է ընդհանրապես խոսքը։ Բոլոր ողջամիտ մարդիկ՝ նրանք, ովքեր տարբեր հարցերի վերաբերյալ ողջամիտ մոտեցում ունեն և ներքաշված չեն քաղաքական շահարկումների մեջ, հասկանում են Վրաստանի կարևորությունը։ Օրինակ՝ կոնկրետ այս դեպքում մենք գիտենք, թե որն է հիմնական շահը. ինչ-որ կերպ իշխանության բերել իրենց գործակալական ցանցի ներկայացուցիչներին, որպեսզի հետագայում կարողանան օգտագործել երկիրը՝ սեփական շահերն առաջ մղելու համար»,- ասել է Կալաձեն։