Բաքուն՝ Անկարային․ «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելն անընդունելի է»

Ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական կապերի հարցերով Միլի Մեջլիսի աշխատանքային խումբը հայտարարություն է տարածել՝ կապված թուրքական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում «Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական արշավի հետ»։

Ինչպես հայտնել են Միլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտարարության մեջ ասվում է.

«Վերջին շրջանում թուրքական մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի հարթակներում Ադրբեջանի դեմ կողմնակալ տեղեկատվական արշավի իրականացումը, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորների և Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի կողմից մեր երկրի հասցեին անհիմն մեղադրանքների առաջադրումը լուրջ մտահոգություն և ափսոսանք են առաջացնում Ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական կապերի հարցերով աշխատանքային խմբի մոտ։

Ադրբեջանն անկախ և ինքնիշխան պետություն է, որն իր ներքին և արտաքին քաղաքականությունը որոշում է ազգային շահերին և Սահմանադրությանը համապատասխան։ Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ձևակերպած՝ «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը ենթադրում է երկու անկախ և ինքնիշխան պետությունների գոյություն։ Այս սկզբունքի էության աղավաղումը, այն որպես Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու և ադրբեջանական հասարակությանը օտար քաղաքական ու գաղափարական մոտեցումներ պարտադրելու հիմք օգտագործելն անընդունելի է»։

Նշվում է, թե հարցեր են առաջացնում նաև Թուրքիայում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների առջև իրականացվող սադրիչ գործողությունների և դրանց հետ կապված կոչերի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը։

«Կարծում ենք, որ ադրբեջանա–թուրքական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը պահանջում է պահպանել քաղաքական պատասխանատվության, փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները։ Առանձին քաղաքական գործիչների հայտարարությունները չպետք է վնասեն երկու երկրների հարաբերություններին։

Ադրբեջանաթուրքական միջխորհրդարանական կապերի հարցերով աշխատանքային խումբն ակնկալում է, որ Թուրքիայի համապատասխան քաղաքական շրջանակները, այդ թվում՝ խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչները, պատասխանատու մոտեցում կցուցաբերեն այս զգայուն հարցերին, հարգանք կդրսևորեն Ադրբեջանի ինքնիշխանության և սահմանադրական կարգի նկատմամբ և կզերծ մնան այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել երկկողմ հարաբերությունների վրա»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *