Երևանի ավագանին հոկտեմբերի 13-ի նիստում որոշում է ընդունել զոհված, հաշմանդամություն ունեցող և գերեվարված զինծառայողների ընտանիքներին ազատել անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գույքահարկի, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի վճարումից։
BanksNews.am-ը տեղեկացավ, որ արտոնությունների ընդհանուր ծավալը կազմում է 58 մլն 122 հազար 686 դրամ, որը քաղաքացիների փոխարեն կվճարվի Երևանի համայնքային բյուջեից։
Ո՞վքեր կարող են օգտվել արտոնությունից․
- Զոհվածների ընտանիքները․ Արցախում և ՀՀ պաշտպանության մարտերում, մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելիս զոհված (կամ ստացած վնասվածքներից հետագայում մահացած) անձանց ընտանիքի անդամները։
- Զինհաշմանդամները․ Պատերազմների հետևանքով 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած անձինք։
- Գերեվարվածներն ու անհայտ կորածները․ Մարտական գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձինք և նրանց ընտանիքի անդամները։
Որոշումն ընդունվել է ՀՀ Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածների (230-րդ հոդվածի 3-րդ մաս և 245-րդ հոդվածի 2-րդ մաս) և Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի N 690-Ն որոշման հիման վրա։ Արտոնությունը տարածվում է Երևան քաղաքում շահառուներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների վրա։