Ֆրանսիայում Լա Մանշի թունելի հարևանությամբ միկրոավտոբուսը բախվել է բեռնատար գնացքի։ Sky News-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով տուժել է 19 մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։
Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան՝ Եվրաթունելի տարածքում, հատուկ բեռնման հարթակում։ Միկրոավտոբուսում եղել են տարբեր ազգությունների 19 բեռնատարների վարորդներ, որոնք պատրաստվում էին նստել Le Shuttle գնացքը։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության, հրշեջ և ոստիկանական ծառայությունները, ինչպես նաև ուղղաթիռ։ Իշխանությունների տվյալներով՝ սա բեռնման հարթակում նմանատիպ առաջին վթարն է։ Երկաթուղային օպերատորը հայտնել է, որ միջադեպը չի ազդում Eurostar գնացքների երթևեկության և Լոնդոնի հետ հաղորդակցության վրա։